Փնջով այս խնձորները աճում են ճյուղի բարակության, մեկուկես մետրանոց ծառերի վրա: Պտղի մշակությամբ ոչ այդքան հայտնի Ճամբարակի տարածաշրջանի Մարտունի գյուղում տանձ, խնձոր, անգամ՝ ծիրան աճեցնելու նախաձեռնությունը Թաթուլի եղբորն էր, Ավստրիայում երկար ժամանակ ինտենսիվ այգեգործությամբ զբաղվելուց հետո:
Թաթուլ Դումանյան (այգեգործ) - Ինքը եկավ, էդ օրն ասեց՝ էսի սենց եք անում, էնի նենց եք անում ու թողեց գնաց, ու ես սկսեցի Յութուբով չարչարվելը, ոնց եմ սարքում, ոնց եմ անում:
Քարքարոտ, անմշակ հողատարածքը ինտենսիվ այգու վերածելու համառ նպատակով Թաթուլը 2018-ին թողեց հիմնական աշխատանքն ու լծվեց այս գործին:
Թաթուլ Դումանյան - Հենց էդ առաջին տարին ծառը տնկում ենք, ծաղկում ա ու պտուղը տենում ենք:
Ճիշտ է՝ առաջին տարին բերք ստացավ, բայց այգու մի մասը կորցրեց, հետո միջազգային փորձն ուսումնասիրեց ու գտավ Գեղարքունիքի ցրտաշունչ գոտուն լավ հարմարված՝ դիմացկուն այս մի քանի սորտը:
Թաթուլ Դումանյան - Երկու տեսակի խնձոր ունենք, որ ոչ մեկը չունի. «Ռեդ տոպազ»-ն ա, և մենք նոր՝ «Բայա Մարիսա»-ա, ինքը մեջը կարմիր ա և պիտանի ա ուտելու և ջրալի ա, հյութի արտադրության համար ա լավ, և չիպսեր են, չէ, հիմա սարքում, գույնը շատ գեղեցիկ: Ստեղ մենք ունենք «Ռեդ Ջոնապրինց», դա հոլանդական սելեկցիա ա՝ «Գոլդեն դելիսյուս»-ի և «Գալա»-ի խառնուրդ ա:
Բարձր բերքատվությամբ խնձորի ինտենսիվ այգին ամբողջովին պաշտպանված է կարկուտից, ոռոգվում է արմատային սնուցման համակարգով ու պարարտացվում է՝ երաշխավորելով բարձր եկամուտ:
Թաթուլ Դումանյան - Ավանդականից 1.5 անգամ, իրա նույն տեսակի պտուղը ավելի մեծ ա լինում:
- Մեկ ճյուղը միջինը ինչքա՞ն է տալիս:
- Ուրեմն, եթե մենք քանակին թողենք, ինքը տեսնում եք՝ ոնց ա բռնում, ինքը շատ կբռնի, բայց որպեսզի ծառը չվնասվի, չջարդվի: Երրորդ տարին ինքը պետք ա 20 կգ խնձոր տա:
Թաթուլի աճեցրած խնձորները լավ ճանաչում են մարզային գյուղշուկայում: Ասում է՝ ուրախ է, որ կարողացել է կարծրատիպեր կոտրել համայնքում, որ Մարտունիում միայն կարտոֆիլ ու հացահատիկ չի, որ աճում են:
Թաթուլ Դումանյան - Մարդիկ իմանան, որ իրանց նոր տարվա խնձորը, որ Երևանից պետք ա գնեն, ինչ որ Նոր Գեղիի այգիներից առնեն, կարան իրանց սեփական հայաթում ունենան:
- Մինչ այս չէի՞ն մշակում:
- Մշակում են, ունեցել ենք, ավանդական ծառեր ենք ունեցել, որոնց տեսքով, տեսակով վաճառքի ենթակա չեն եղել:
Տեղական սորտերից էլ է հնարավոր լավ տեսքով բարձր բերք ստանալ ու ցանկացած բնակլիմայական գոտում աճեցնել, միայն թե պետք է ճիշտ խաչասերում անել՝ վստահեցնում է հմուտ այգեգործը:
Թաթուլ Դումանյան- Մենք գտնվում ենք 1800 մ բարձրության վրա ու նաև բացի բարձրությունը ցուրտ ա մեր տարածքը: Բոլոր տարածքների համար կան նախատեսված ծառեր և պտուղներ, բոլոր բարձրությունների վրա կարելի ա դնել ծառ, ստանալ պտուղ, բայց նայած բարձրությանը՝ ինչ տեսակի:
Ընտանեկան բիզնեսում մեծից փոքր գործի են անցել, տարվա վերջին բերքն են հավաքում: Այգեգործը մեծ հպարտությամբ է նշում, որ իր օրինակով համայնքում պտղատու այգիներ են հիմնվում:
Թաթուլ Դումանյան - Ամեն գյուղում 3-4 տղա ա լինում, որ ցանկություն ունի լավ բան անելու, էդ գյուղը զարգանում ա: Սպիտակ սարոշկայով էլ կարելի ա գրագետ գյուղատնտեսություն անել, դրա համար պետք էլ չի Ամերիկա հայտնաբերել, կա աշխարհի փորձը, տղե՛ք, բերեք իրանցից նայենք, լավը նայենք, գոնե սովորենք ու արդյունքը կստանանք:
Հեղինակ՝ Ծաղկանուշ Միրզոյան