Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը կներկայացնի Նարեն։ Նա ընտրվել է նախապես հայտարարված բաց մրցույթով: 14-ամյա Նարե Ղազարյանի գլխավոր երազանքը մեծ բեմում երգելն է։ Այժմ պատրաստվում է երազանքն իրականություն դարձնել։
Նարե («Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ) - Ես երգում եմ 8 կամ 9 տարեկանից սկսած։ Երգում եմ Գրիգոր Կյոկչյանի մոտ։ Սկզբում սովորել եմ Երգի պետական թատրոնում և հպարտությամբ կարող եմ ասել, որ եղել եմ Գրիգոր Կյոկչյանի և Արթուր Գրիգորիչի սանը։
Նարեի մրցութային երգն ու տեսահոլովակը կհրապարակվեն շուտով, երգը հայերեն և անգլերեն է: Մրցույթի այս տարվա խորհրդանիշը խաղալիք հոլն է՝ զարդարված է ազգային նախշերով: Կարգախոսն է՝ «Պտտի՛ր հրաշքը»։
Աննա Օհանյան («Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի հաղորդակցության ղեկավար) - Հոլի հավերժական շարժիչը իր թելերն են, որոնք այս դեպքում ոչ պատահականորեն նմանեցված են հայկական եռագույնին՝ դրոշի գույներին, որոնք ստացել են նեոնային տեսք, որը իր հերթին խորհրդանշում է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման տեսլականը։
«Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տոմսերը կվաճառվեն առցանց: Ստեղծագործական խմբից նշում են, որ տեխնիկապես հագեցած բեմը կհամապատասխանի շոուի պահանջներին: Կենտրոնական բեմը խորհրդանշելու է հոլը՝ շրջապատված պտույտն արտացոլող թելերով: «Մանկական Եվրատեսիլին» անակնկալների պակաս չի լինի։
Անուշիկ Տեր-Ղուկասյան («Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի ստեղծագործական մասի պատասխանատու) - Մենք հրավիրել ենք «Մանկական Եվրատեսիլի» բոլոր հաղթողներին Հայաստան։ Նրանցից մի քանիսի հետ դեռ բանակցությունների փուլում ենք, որովհետև հնարավորություն չունեն այստեղ գտնվելու։
Մինչև շոուի մեկնարկը Հայաստանում սպասվում են տարբեր միջոցառումներ։ Հեքիաթի սկիզբը դեկտեմբերի 5-ին է՝ Երևանի սրտում։
Դավիթ Ծերունյան («Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի գործադիր պրոդյուսեր) - Տալիս ենք այս մեծ կարևոր հնարավորությունը 16 մասնակիցներին, որպեսզի նրանք բոլորը միասին վառեն Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը։ Այսպիսով կլինի ոչ միայն «Եվրատեսիլի», այլև ամբողջ տոնախմբության մեկնարկը։
Հայաստանը հրավիրում է բոլորին՝ մասնակից դառնալու հեքիաթին ու պտտելու հրաշքը։
Հեղինակ՝ Անի Ավագյան