Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հետևողական պայքարն ապօրինի թմրաշրջանառության դեմ շարունակվում է։ Օրերս նրանք մայրաքաղաքում հայտնաբերել ու ձերբակալել են մի կնոջ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են 7 գրամից ավելի հերոին ու 11 գրամից ավելի մեթամֆետամին:
Դեպքի առթիվ Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որն ուղարկվել է քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն։ Վարույթի շրջանակներում քրեական ոստիկանության և հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ կնոջ բնակության վայրում տարբեր տեսակի թմրամիջոցներ կան։ Նրա բնակության վայրում և օժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են 899 գրամ հերոին, մեկ կիլոգրամ 225 գրամ ափիոն, 447 գրամ մեթամֆետամին, մեկ կիլոգրամ 226 գրամ մարիխուանա, 23 գրամ կոկաին, 1 գրամից ավելի սփայս, հաշիշի յուղ, էքստազի, նռնակի պայթուցիչ և այլն: Նշանակվել են փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է: