Աշխատանքային այցով Իրաքի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը տեղեկացրել է՝ Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի հետ միասին եզդի իրավապաշտպան, Ավրորայի մրցանակակիր Միրզա Դինայիի հրավերով այցելել է Իրաքի Նինվե նահանգի Շանգալի (Սինջար) շրջանի Սնունիի քաղաքում գտնվող «Համակեցության տուն» կենտրոն:
«Համակեցության տուն» կենտրոնը կառուցվել է Միրզա Դինայիի կողմից Ավրորայի մրցանակի գումարներով (600.000 ԱՄՆ դոլար) և իր անձնական միջոցներով (30.000 ԱՄՆ դոլար):
Կենտրոնի սրահները անվանակոչվել են եզդի, հայ, քուրդ և արաբ հասարակական-քաղաքական գործիչների անուններով, իսկ հանդիպումների ամենամեծ դահլիճը կրում է Արարատ անունը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
«Կենտրոնում հանդիպում ունեցանք Շանգալի շրջանի Շանգալի և Սնունիի քաղաքապետների, շրջանի կրթության վարչության պետի, եզդիական հասարարական կազմակերպությունների ներկայացուցիչների, ակտիվիստների, հասարակական լայն շրջանակների հետ:
Հանդիպման ընթացքում բարձրաձայնվեց 2014 թ. ԻՊ-ի կողմից եզդի ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչման, ՀՀ կողմից եզդի երիտասարդների համար կրթաթոշակների հատկացման, Շանգալի եզդիներին, հատկապես հաշմանդամություն ունեցողներին հումանիտար, այդ թվում՝ բժշկական օգնության տրամադրման հետ կապված հարցեր:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Շանգալում տիրող անվտանգային իրավիճակին:
Պատասխանելով ներկաների բարձրացրած հարցերին, նշեցինք հետևյալը.
Հայաստանը առաջին երկրներից էր, որը պաշտոնապես ճանաչեց եզդիների ցեղասպանությունը և միանվագ 100.000 ԱՄՆ դոլար նվիրաբերեց ցեղասպանությունը վերապրած եզդի ժողովրդին: ՀՀ-ն պատրաստակամ է իր փորձով կիսվել եզդիների ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Կարելի է քննարկել ցեղասպանագետների, միջազգային իրավունքի մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպման հնարավորությունը ՀՀ-ում:
Կոչ արեցինք եզդիներին ավելի ակտիվ մասնակցություն ունենալ ցեղասպանությունների թեմայով անցկացվող միջազգային կոնֆերանսներին և գիտաժողովներին: Այս կապակցությամբ ներկաներին տեղեկացրեցինք դեկտեմբերի 12-13-ը Երևանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով ֆորումի մասին:
Համապատասխան շահագրգռվածության պարագայում գլխավոր հյուպատոսությունը կաջակցի եզդի գիտնականներին ֆորումին մասնակցելու համար:
Ներկայացվեց ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջոցներով Շեյխանի և Իսյանի եզդիական ճամբարներին հումանիտար օգնության տրամադրումը՝ շեշտելով, որ ՀՀ-ն իր կարողությունների սահմաններում փորձում է զորավիգ լինել եղբայրական եզդի ժողովրդի հրատապ կարիքների լուծմանը:
Շեշտվեց, որ ՀՀ-ն կփորձի շարունակական աջակցություն տրամադրել եղբայրական եզդի ժողովրդին:
Շանգալի հաշմանդամություն ունեցողների միության նախագահը նշեց, որ շրջանում բնակվում է մոտ 2300 հաշմանդամություն ունեցող մարդ, որոնց մեծ մասը չունի անվասայլակներ: Ի հավելումն վերոնշյալի՝ Շանգալում բժշկության մակարդակը գտնվում է ցածր մակարդակի վրա, մի շարք վիրահատություններ անելու համար ստիպված են հասնելու Մոսուլ, ինչի համար առկա են որոշ արհեստական խոչընդոտներ: Ցանկալի կլիներ կազմակերպել հայ բժիշկների կողմից այց Շանգալ՝ տեղում վիրահատություններ անելու նպատակով:
Կրթաթոշակների տրամադրման հետ կապված առաջարկեցինք Շանգալի շրջանի ղեկավարի, Շանգալի և Սնունիի քաղաքապետերի կողմից նամակով դիմել Բաղդադում ՀՀ դեսպանություն կամ Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսություն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը խնդրանքը փոխանցելու և հարցը քննարկելու համար:
Իմ հերթին խոստացա որպես ՀՀ ԱԺ պատգամավոր հետամուտ լինել եզդիներին մի քանի կրթաթոշակ տրամադրելու գործում:
Ներկաները նշեցին նաև, որ Շանգալի շրջանում չկան համալսարաններ, իսկ Մոսուլում կամ այլ վայրերում ուսանելու համար ստեղծված են արհեստական խոչընդոտներ:
Հանդիպմանը ներկա էր նաև եզդի ցեղապետ Համե Շարոյի թոռը: Համե Շարոն Շանգալի լեռներում ապաստան է տվել մոտ 6000 հայերի՝ փրկելով նրանց թուրքական յաթաղանից: Նա նշեց, որ Հայաստանում այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ ցավալիորեն չի գտել իր նախնու անունը կամ որևէ հիշատակում նրա մասին: Ա. Մանուկյանը շեշտեց, որ հայ ժողովուրդը մեծապես գնահատում է յուրաքանչյուր երախտավորի և խնդրեց գլխավոր հյուպատոսություն ներկայացնել առկա փաստաթղթեր կամ վավերագրեր՝ Երևան ներկայացնելու նպատակով:
Հանդիպմանը ներկաները, անդրադառնալով եզդի ժողովրդի պառակտվածության խնդրին, նշեցին, որ կցանկանան ինձ ևս տեսնել եզդի ժողովրդի միասնության վերականգնման աշխատանքներում` այդ համատեքստում օգտագործելու իմ ներուժը` պառակտված համայնքին միավորելու համար:
Հանդիպման ավարտին «Համակեցության տուն» կենտրոնի 4 հիմնական կրոնները (քրիստոնեություն, իսլամ, շարֆադինականություն, հուդայականություն) խորհրդանշող այգում տնկեցին ծառեր:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ-ում պատրաստել բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքար և նվիրաբերել կենտրոնին՝ այգում տեղակայելու նպատակով»,- ասված է Բաքոյանի գրառման մեջ: