Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման ԵԱՀԿ ծրագրի շրջանակներում 2022 թվականի հոկտեմբերի 25-28-ը Երևանում անցկացվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված երկրորդ վերապատրաստումը: Այն կազմակերպվել է ԵԱՀԿ քարտուղարության Տնտեսական և բնապահպանական գործունեության հարցերով ԵԱՀԿ համակարգողի գրասենյակի, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության ու Հակակոռուպցիոն կոմիտեի համատեղ ջանքերով և իրականացվել շվեյցարական կողմի ֆինանսավորմամբ:
Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ աշխատակիցների վերապատրաստումն ուղղված էր կոնկրետ ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի գնահատման ու հայտնաբերման, ընտրակաշառքի, ֆինանսատնտեսական բնույթի հանցագործությունների ու փողերի լվացման սխեմաների քննության, միջգերատեսչական համագործակցության և այլ թեմաների վերաբերյալ նրանց գիտելիքների ու հմտությունների խորացմանը։
Անդրադառնալով նշված վերապատրաստումների կարևորությանը` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանն իր բացման խոսքում շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ ներկայացուցիչներին սերտ համագործակցության և Կոմիտեի կազմավորումից ի վեր ԵԱՀԿ-ի հետ տարվող արդյունավետ աշխատանքի համար: Մ. Բաբայանը համոզմունք է հայտնել, որ նման հարուստ փորձ ունեցող մասնագետների կողմից իրականացվող վերապատրաստումը լավագույնս կանդրադառնա Կոմիտեի օպերատիվ աշխատողների մասնագիտական հմտությունների զարգացման վրա:
ԵԱՀԿ ներկայացուցիչներն այցելել են նաև ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, հանդիպել Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը երկուստեք հույս են հայտնել, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԵԱՀԿ-ի միջև ձևավորված սերտ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի, իսկ վերապատրաստումների արդյունքում նոր գիտելիքների ձեռքբերումն ու լավագույն փորձի ներդրումը կնպաստեն նորաստեղծ կառույցի ներուժի ամրապնդմանը: