Ուրբաթ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսինը՝ Փոլը, «դաժան հարձակման» է ենթարկվել մի անձի կողմից, որը ներխուժել է Սան Ֆրանցիսկոյի նրանց տուն: Այժմ նա հիվանդանոցում է և ակնկալվում է, որ լիովին ապաքինվի, ասել է նրա խոսնակ Դրյու Համիլը, հաղորդում է AP-ն։
Փելոսին այդ պահին տանը չի եղել: Համիլն ասել է, որ հարձակվողը կալանքի տակ է, և հարձակման դրդապատճառները հետաքննվում են:
«Խոսնակը և նրա ընտանիքը երախտապարտ են առաջին արձագանքողներին և օգնություն ցույց տված բուժանձնակազմին ու խնդրում են այս պահին պահպանել գաղտնիությունը»,- ասվում է Համիլի հայտարարության մեջ:
Փելոսին նոր է վերադարձել Վաշինգտոն այս շաբաթ Եվրոպայում անցկացված անվտանգության համաժողովից և շաբաթ երեկոյան փոխնախագահ Քամալա Հարիսի հետ նա պետք է մասնակցի շահերի պաշտպանության միջոցառման ու հանդես գա ծրագրային ելույթով:
Թեև հարձակման հանգամանքները պարզ չեն, միջադեպը լրացուցիչ հարցեր է առաջացնում Կոնգրեսի անդամների և նրանց ընտանիքների անվտանգության վերաբերյալ: Օրենսդիրներին սպառնալիքները հասել են ամենաբարձր մակարդակին՝ Կապիտոլիումի խռովությունից գրեթե երկու տարի անց: