Մայրաքաղաքում ձնամաքրման համար «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը նախատեսում է պահեստավորել շուրջ 11 հազար տոննա աղի և ավազի խառնուրդ, 6000 տոննան արդեն պահեստավորված է:
Քաղաքապետարանում հրավիրված հանդիպում-քննարկման շրջանակում Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը վարչական շրջանների ղեկավարների, կառուցվածքային ստորաբաժանումների, համայնքային հիմնարկների պատասխանատուների, ինչպես նաև կենսապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցների, Պարեկային ծառայության ու ԱԻՆ ներկայացուցիչների հետ քննարկել է ձմռան նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Ըստ վարչական շրջանների կկազմվի գործընթացի իրականացման հստակ ժամանակացույց:
Գործընթացին կներգրավվեն ինչպես «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի, այնպես էլ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի 637 աշխատակից: Ձնամաքրման համար կօգտագործվի համայնքային երկու կառույցների 81 միավոր տեխնիկան:
Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է բազմաբնակարան շենքերի մուտքերի ու հարակից տարածքների մաքրման գործում ներգրավել համատիրություններին, իսկ համայնքը վերջիններին կաջակցի անհրաժեշտ քանակի աղ ու ավազով:
Եթե մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքներով հիմնականում զբաղվում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը, ապա մայթերի մաքրման հարցում պատասխանատու են նաև տնտեսվարողները:
Կամո Արեյանը կարևորեց տնտեսվարողների ծանուցման գործընթացը՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Ավագանու սահմանած կարգի համաձայն՝ տնտեսվարողները պարտավոր են ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերը:
Բազմաբնակարան շենքերի տանիքներին առաջացած սառցալեզվակների հեռացման հարցում համայնքին կաջակցի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում վարչական շրջաններում ընթացքի մեջ են բազմաբնակարան բնակելի շենքերի ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերի ջերմամեկուսացման աշխատանքները:
Մայրաքաղաքի կրթական օջախներում ու առողջապահական հիմնարկներում էլ աշխատանքներ են տարվում ջեռուցման սեզոնի մեկնարկի ուղղությամբ:
Զեկուցվել է, որ համայնքային ավտոբուսներն ու միկրոավտոբուսներն ամբողջությամբ ապահովված են ձմեռային անվադողերով: Տրանսպորտի վարչությանը հանձնարարվել է աշխատանքներ տանել նաև քաղաքային երթուղիները սպասարկող մասնավոր ընկերությունների հետ, որպեսզի նրանք ևս պատրաստ լինեն ձմռանը:
Հաշվի առնելով, որ ձմռանը տեղի ունեցող ավտովթարների և փողոցների խցանումների զգալի մասի պատճառն ամառային անվադողերով վարելն է, Պարեկային ծառայությանն առաջարկվել է այդ ուղղությամբ խստացնել հսկողությունը:
Կարևորելով թիմային աշխատանքի ապահովումը՝ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ընդգծել է, որ եղած ռեսուրսներն առավելագույնը պետք է պատրաստ լինեն ձմռանը: