Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում և ԱՊՀ ամբողջ տարածքում երկարաժամկետ և արդար խաղաղության հաստատմանը: Սպառնալիքների և հարկադրանքի քաղաքականությունը Հայաստանի համար անընդունելի է. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթից հատված է ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում: Սիմոնյանը շեշտել է՝ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը տապալվում են Բաքվի ռազմատենչ հռետորաբանության և ռազմական գործողությունների պատճառով: Սիմոնյանը մանրամասն ներկայացրել է սեպտեմբերի 13-ի հարձակման հետևանքով հայկական կողմի կորուստներն ու վնասները, նաև Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները՝ խոշտանգումներն ու գերեվարվածների հանդեպ անմարդկային վերաբերմունքը:
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Արդյունավետ բանակցային գործընթացի համար անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ, այն է՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանումը և բոլոր հայ ռազմագերիների ու պահվող այլ անձանց անհապաղ ազատ արձակումը։
Սիմոնյանը ընդգծել է՝ սեպտեմբերյան ագրեսիային նախորդել են Ադրբեջանի հարձակումները՝ նախորդ տարվա մայիսին, հունիսին, նոյեմբերին: Միջազգային և տարածաշրջանային կառույցների հասցեական արձագանքի բացակայությունը, Սիմոնյանի գնահատմամբ, թույլ է տվել Ադրբեջանին շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը: Ռազմական նոր ագրեսիաները կանխելու նպատակով անհրաժեշտ է սահմանային իրավիճակի մոնիթորինգի և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը: Սիմոնյանը շեշտել է՝ Երևանը դիմել էր ՀԱՊԿ-ին, այդ թվում՝ ռազմական օգնություն ստանալու ակնկալիքով, բայց Հայաստան է գործուղվել դիտորդական առաքելություն:
Սիմոնյանը անդրադարձել է նաև ԵՄ քաղաքացիական մոնիթորինգի առաքելությանը հայ-ադրբեջանական սահմանին, կարևորել նման որոշման կայացումը: ԱԺ նախագահը կրկին հիշեցրել է մեր երկրի դիրքորոշումը՝ սահմանների ճշգրտման աշխատանքները պետք է լինեն ԱՊՀ փաստաթղթերի հիման վրա, ըստ որի խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները պետական սահմաններ են դարձել արդեն անկախ երկրների միջև։
Ալեն Սիմոնյան - Ադրբեջանը մշտապես խոսում է ինչ-որ միջանցքի մասին, որի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա։ «Միջանցք» բառը հիշատակվում է բացառապես Լաչինի միջանցքի վերաբերյալ հայտարարության մեջ՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման համատեքստում և որևէ առնչություն չունի տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայի հետ, և այդ պայմանավորվածությունների բոլոր զուգահեռները համարում ենք մանիպուլյացիա։ Առավել ևս, որ Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբը և Ռուսաստանի Դաշնության կառավարության փոխնախագահը որոշել են, որ վերակառուցված և կառուցվող տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտները պետք է գործեն այն երկրների լիակատար ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են։
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱԿԱԴԱՐՁԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԵՋԼԻՍԻ ԽՈՍՆԱԿԻՆ
Սիմոնյանի ելույթից հետո Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակը մեջբերում է Ալիևի ձևակերպումները. իբրև՝ Ղարաբաղում ապրող հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են, և Ադրբեջանը պարտավոր չէ որևէ երկրի հետ քննարկել իր ներքին հարցերը:
Սահիբա Գաֆարովա (Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ) - Նրանք կունենան նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի քաղաքացիները: Նրանք կարող են վստահ լինել, որ իրենց կյանքը Ադրբեջանի հասարակությանը ինտեգրման պարագայում ավելի լավ կլինի ներկա վիճակից: Մենք չունենք Լեռնային Ղարաբաղ տարածք, մենք ունենք Ղարաբաղի շրջան:
Ալեն Սիմոնյան - Ես շատ եմ զարմանում, եթե չկա Լեռնային Ղարաբաղ, այդ դեպքում ինչի տակ է ստորագրել նախագահ Ալիևը, որովհետև նոյեմբերի 9-ի փաստաթղթում շատ հստակ գրված է Լեռնային Ղարաբաղ:
ԲԱՔՎՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁ. ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԱՐԿԸ
Հայաստանի ԱԺ նախագահը առաջարկում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մասնակիցների հովանու ներքո վերադարձնել Բաքվում պահվող անձանց: Ավելի վաղ Սիմոնյանը ելույթի ժամանակ էր հայտնել՝ Հայաստանը կատարել է ռազմագերիներին «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով հանձնելու իր պարտավորությունները և որպես մարդասիրական ժեստ Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները։
Ալեն Սիմոնյան - Վերջին ագրեսիայից հետո ադրբեջանական կողմը, չնայած համապատասխան պայմանավորվածության առկայությանը, խոչընդոտում է Հայաստանի ինքնիշխան տարածքում միջդիրքային գոտիներում գտնվող մարմինների դուրսբերումը։
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ԱԺ նախագահը ելույթն ավարտել է՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությունը կարևորելով: Ալեն Սիմոնյանն ընդգծել է՝ Հայաստանը կառուցողական մոտեցում ունի և Ադրբեջանից ակնկալում է գործուն քայլեր՝ բանակցությունների միջոցով տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համար: