Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքել է մամուլում տարածված լուրերը, թե իբր «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթի կազմակերպման համար հատկացված ֆինանսական հատվածը վերահսկվելու է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և իր տեղակալ Բագրատ Բադալյանի կողմից:
«Հայտնում ենք, որ հրապարակումը իրականության հետ որևէ աղերս չունի, անձամբ Արայիկ Հարությունյանը և Բագրատ Բադալյանը որևէ կապ չունեն «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի կազմակերպման համար նախատեսված ծախսերի վերահսկման հետ:
Համապատասխան լրատվամիջոցը հարցում է ուղարկել վարչապետի աշխատակազմ մրցույթի ծախսերի վերաբերյալ, որին կտրվի լիարժեք պատասխան»,- ասված է պարզաբանման մեջ:
Հիշեցնենք՝ «Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 11-ին՝ «Պտտի՛ր հրաշքը» խորագրով: