Մայրաքաղաքում հեռարձակվելու իրավունք ստանալուց ավելի քան 1 տարի անց Առաջինի լրատվական ալիքը դարձյալ պայքարում է նույն նպատակի համար: Միակ մրցակիցը՝ Հայկական երկրորդ հեռուստաալիքը, դատարանում վիճարկել էր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021-ի հունիսի 4-ի մրցույթի արդյունքները: Դատական ատյանները բավարարել էին հայցը, որոշում կայացրել նոր մրցույթ անցկացնելու մասին: Վերջին երկու ամսում ՀՌՀ-ն ուսումնասիրել է մրցույթին մասնակցող Հայկական երկրորդ հեռուստաալիքի և Առաջինի լրատվական ալիքի հայտերը, հանձնաժողովի անդամների դիտարկումների հիման վրա կազմվել է 125 էջանոց փաստաթուղթ:
Տիգրան Հակոբյան (ՀՌՀ նախագահ) - Դրա մեջ և՛ եզրակացությունն է, և՛ որոշման նախագիծն է, տարբեր կառույցների մասնագիտական գնահատականներն են՝ տեխնիկական, մշտադիտարկման, իրավական, և նաև հանձնաժողովների անդամների հիմնավորումներն իրենց թվանշման: Այդ առումով, համոզված եմ՝ մենք կդնենք օբյեկտիվ և անկողմնակալ գնահատականներ մրցույթին մասնակցող ընկերություններին:
Հանձնաժողովի արտահերթ նիստին ներկա են 7 անդամներից 5-ը, Տիգրան Հակոբյանի խոսքով՝ Դավիթ Ամալյանն ու Հակոբ Մովսեսը բացակայում են հիվանդության պատճառով: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները փակ ծրարներով քարտուղարությանն են հանձնում հեռուստաալիքներին տրված գնահատականները: Արդյունքներն ամփոփվում են րոպեների ընթացքում:
Տիգրան Հակոբյան - Հայկական երկրորդ հեռուստաալիք՝ 55 միավոր, և Հայաստանի հանրային հեռուստաընկերություն՝ 78 միավոր: Այսպիսով՝ մրցույթում հաղթող է ճանաչվում Հայաստանի Հանրային հեռարձակողը:
Հեռուստաընկերություններին գնահատելիս հաշվի են առնվել օրենքով ամրագրված չափորոշիչները, նաև տեխնիկական հագեցվածությունն ու ֆինանսական ապահովումը՝ նշում է Տիգրան Հակոբյանը, հավելում՝ հանձնաժողովի որոշ անդամներ բարձրաձայնել են նաև անհավասար պայմանների մասին:
Տիգրան Հակոբյան - Հանրային հեռարձակողը, որը սնվում է պետական բյուջեից, ունի նաև առավելություններ, որովհետև սնվում է պետական բյուջեից և ունի նաև գովազդային մուտքեր, բայց նաև Հանրային հեռարձակողն ունի ավելի կոշտ կարգավորում: Այսինքն՝ այն պարտավորությունները, որոնք դրված են Հանրայինի վրա, որևէ այլ կոմերցիոն, անկախ հեռուստաընկերություն չունի:
Մայրաքաղաքային վերգետնյա սփռման հնարավորությունը երկրորդ անգամ նվաճած Առաջինի լրատվական ալիքից շատ են նաև ակնկալիքները:
Տիգրան Հակոբյան - Մենք ավելի բազմազան, անկողմնակալ և հավասարաչափ ինֆորմացիա ենք սպասում, հատկապես՝ քաղաքական-վերլուծական հաղորդումներում, այլ կարծիքները, քաղաքական ընդդիմությունը, հասարակական ընդդիմությունը, քննադատությունը ցանկանում ենք ավելի շատ տեսնել Հանրայինի եթերում:
Հանրային մուլտիպլեքսում հանրապետական սփռման նախորդ տարվա մրցույթի արդյունքները ևս Հ2-ը վիճարկել էր դատական կարգով: Օրեր առաջ հայտարարված նոր մրցույթի արդյունքները կհայտարարվեն ավելի ուշ:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան