32 կմ երկարությամբ երկրորդ տեխնիկական կարգի ճանապարհահատված, 80 կմ/ժ հաշվարկային արագությամբ։ Հյուսիս-հարավի Տրանշ-4 ծրագրով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտարարել է շինաշխատանքների ձեռքբերման նոր մրցույթ:
Գոռ Ավետիսյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Քաջարան-Ագարակ հատվածն է, որը շուրջ 40 կմ է: Քաջարանի թունելն իր մոտեցնող ճանապարհով և թունելից հետո դեպի Ագարակ, որը 32 կմ է: Շինարարական մրցույթը մենք հայտարարել ենք 2 օր առաջ:
Ակնկալում են միջազգային բարձր որակավորում ունեցող շինարարական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը:
Քրիստինե Ղալեչյան (ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ) - Ծրագրին զուգահեռ այս պահին իրականացնում ենք նաև հողերի իրացման գործընթացը, որպեսզի հետագա շինարարության առումով առավելագույնս պատրաստ լինենք առանց խոչընդոտների շինարարության իրականացմանը:
Ճանապարհահատվածը ներառելու է 18 կամուրջ և 3 թունել, որոնցից ամենաերկարը՝ 7.5 կմ։ Ծանրաքաշ մեքենաները կունենան իրենց առանձին երթևեկելի գոտին, ինչն առավել դյուրին կդարձնի բեռնափոխադրումները։
Գոռ Ավետիսյան - Տրանշ 4-ի թունելից դեպի Ագարակ հատվածի երկարությունը 32 կմ է, բավականին բարդ աշխատանքներ են այնտեղ նախատեսվում, բազմաթիվ կամուրջներ, մի քանի թունելներ կան դեպի Իրանի սահման:
Նոր ճանապարհը շուրջ 14 կմ-ով կկրճատի տարածությունը, 38 րոպեով՝ երթևեկության ժամանակահատվածը։
Քրիստինե Ղալեչյան - Մեր ռազմավարությունը միտված է Սյունիքից մինչև Ագարակ շինարարական աշխատանքների իրականացմանը: Դրա շրջանակներում մենք Սիսիան-Քաջարան հատվածը, որը մեր առաջնահերթություններից է, արդեն իսկ մրցութային գործընթաց սկսել ենք նախաորակավորման փուլով:
Սիսիան-Քաջարան հատվածի համար 23 հայտ է ստացվել, ինչն աննախադեպ է, մինչև այժմ իրականացված մրցութային որևէ գործընթացում այդպիսի մրցակցություն և հետաքրքրություն չի եղել:
Քրիստինե Ղալեչյան - Բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ այս նոր հայտարարված Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի մրցույթը ևս լայն հետաքրքրություն կառաջացնի, արդեն այս 2 օրում տեսել ենք, որ 10-ից ավելի ընկերություն է հայտ ներկայացրել:
Տրանշ 4-ը երեք շինարարական հատվածի է բաժանված՝ Սիսիան-Քաջարան, Քաջարան-Ագարակ և Քաջարանի թունելն առանձին: Երկու հատվածի մրցույթները հայտարարված են, թունելի մասով ձևաչափը դեռ քննարկվում է:
Քրիստինե Ղալեչյան - Քաջարանի թունելին, որն առանձին ենթածրագիր է մեզ մոտ, 7 կմ թունելի մասին է խոսքը և 4 կմ մոտեցող ճանապարհների: Այս հատվածը ևս Կառավարության առաջնահերթություններից է և ենթակա է իրականացման: Դրա համար մենք համագործակցում ենք մի շարք շինարարական ընկերությունների հետ:
Բացի Քաջարանի թունելից, նախատեսում են հաջորդ տարի Հայաստանի հարավում ծրագիրը ակտիվ շինարարական փուլ մտցնել՝ Սիսիանից դեպի Քաջարան բոլոր հատվածներում: