Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ ՀԱԽ արտահերթ նիստի ժամանակ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ժամանակին Հայաստանն ու Ադրբեջանը ոչ միայն մեկ պետության մաս էին կազմում, այլև այժմ էլ բարեկամ են համարվում ԱՊՀ տարածքում բոլոր երկրների համար։ Ավելին, նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը պետք է լուծվի հիմա՝ Իլհամ Ալիևի հետ, ում հետ, ըստ Լուկաշենկոյի, հնարավոր է բանակցել։
«Հարցը շատ զգայուն ու նուրբ է, այնպես չէ, որ մի կողմից ՀԱՊԿ-ն ու մենք՝ ՀԱՊԿ անդամներս ենք, մյուս կողմից՝ Ադրբեջանը: Երկու երկիրն էլ մեզ բարեկամ են, մենք ԱՊՀ անդամ ենք Ադրբեջանի և Հայաստանի հետ, մենք շատ սերտ կապեր ունենք և ուղղափառ Հայաստանի, և մահմեդական Ադրբեջանի հետ: Խնդիրը զգայուն է հատկապես ՀԱՊԿ-ի մյուս անդամների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության համար, որտեղ 30 միլիոն մուսուլման է ապրում: Այսինքն՝ պետք է հաշվի առնել բոլոր նրբությունները, բոլոր գործոնները»,- ընդգծել է Բելառուսի ղեկավարը։
Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով` Ադրբեջանը թշնամի կամ հակառակորդ չէ ՀԱՊԿ պետությունների ղեկավարների համար։
«Ես հաստատում եմ նախագահ Պուտինի ասածը, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մեզ համար հարազատ պետություններն են, և սա իրադրության յուրահատկություն է, որը մենք չենք կարող անտեսել»,-նշել է նա։