Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «ՄԱԿ-Կանայք» կազմակերպության նախաձեռնությամբ՝ տեղի է ունեցել Կանանց տնտեսական հզորացմանը նվիրված համաժողով։
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, «ՄԱԿ-Կանայք»-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի մասնագետ Նարգիս Ազիզովան, Շվեյցարիայի զարգացման համագործակցության ազգային ծրագրի ավագ պատասխանատու Արթուր Փոքրիկյանը և Ավստրիայի զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանը:
Անդրադառնալով հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում կանանց ակտիվ ներգրավվածության, որոշումների կայացման գործընթացում նրանց հավասար մասնակցության ու գենդերային հավասարության խթանման ապահովմանը՝ նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այդ ուղղությամբ շարունակում է իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ։
«Բարձր ենք գնահատում աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես՝ Կանանց աքսելերատոր ծրագրի դերը՝ ձեռներեցությունը խթանելու, միջին և փոքր բիզնեսներին աջակցելու տեսանկյունից։ Այն իրականացվում է հանրապետության մի շարք մարզերում և միտված է խթանելու կանանց ձեռնարկատիրությունն ու զբաղվածությունը տնտեսական բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում՝ էկոհամակարգի մակարդակում նորարար աջակցության մեխանիզմների շնորհիվ»,- նշել է նախարարը։
Համաժողովը կազմակերպվել է «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում-Փուլ II» (WEESC) ծրագրի շրջանակում՝ Շվեյցարիայի զարգացման համագործակցության և Ավստրիական զարգացման համագործակցության աջակցությամբ։