ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտնել է, որ շուտով կմեկնի Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի հետ և քննարկելու Դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցը։
Նա անդրադարձել է նաև Ուկրաինայի շուրջ զարգացումներին, նշել՝ Մոսկվայի հետ հնարավոր բանակցություններում Կիևի հաջողությունը կախված է մարտի դաշտում ուկրաինական զինված ուժերի հզորությունից, այդ իսկ պատճառով էլ ՆԱՏՕ-ն ռազմական աջակցություն է տրամադրում Ուկրաինային:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հրաժարվել է ենթադրություններ անել՝ երբ կավարտվի արդեն շուրջ 9 ամիս շարունակվող ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Նա վստահեցրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կլինի Ուկրաինայի կողքին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է:
«Մենք Վլադիմիր Պուտինին չենք կարող թույլ տալ հաղթել, քանի որ դա ողբերգություն կլինի ուկրաինացիների համար և մեզ ավելի խոցելի կդարձնի»,- ասել է Ստոլտենբերգը: