Իրաքի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հոկտեմբերի 25-ին Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի ուղեկցությամբ հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի խոսնակ Ռեվազ Ֆաիքի հետ:
Ռուստամ Բաքոյանը զրուցակցին է ներկայացրել իր այցի հիմնական նպատակը, անդրադարձել ՀՀ կառավարության կողմից կարիքավոր հայ ընտանիքներին և Շեյխանի ճամբարի եզդի փախստականներին հումանիտար օգնության տրամադրմանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել միջխորհրդարանական համագործակցության հեռանկարներին:
Հաշվի առնելով, որ խորհրդարանի իրավասությունների ժամկետը մեկ տարով երկարաձգվել է, ԱԺ պատգամավորը Ռեվազ Ֆաիքին առաջարկել է դիտարկել խորհրդարանական պատվիրակությամբ Հայաստան այցելելու հնարավորությունները:
Նա հավելել է, որ հայկական կողմը կփոխանցի պաշտոնական հրավերը, որի ժամկետները կճշտվեն դիվանագիտական խողովակներով:
Հանդիպմանը Ռուստամ Բաքոյանը արծարծել է նաև ՀՀ համալսարանների դիպլոմների՝ ԻՔ-ում ճանաչման հետ կապված հարցը: Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի խոսնակը խոստացել է իր լիազորությունների շրջանակում հետամուտ լինել այդ խնդրի լուծմանը:
Կողմերը քննարկել են ԻՔ խորհրդարանում ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայության հարցը:
ՀՀ ԱԺ պատգամավորը կարևորել է եզդի ժողովրդին ԻՔ խորհրդարանում առանձին քվոտայի տրամադրումը` հաշվի առնելով շուրջ 500 000 եզդու առկայությունն ԻՔ-ում: Ռեվազ Ֆաիքը նշել է, որ ներկայումս ԻՔ քաղաքական ուժերի միջև քննարկվում են ազգային և կրոնական փոքրամասնությունների` ԻՔ խորհրդարանում ներկայության հետ կապված մի շարք հարցեր:
Ռուստամ Բաքոյանը ներկայացրել է 2021 թ. մայիս, նոյեմբեր ամիսներին և 2022 թ. սեպտեմբերին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ադրբեջանական ագրեսիան և ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներ ներխուժումը:
Հանդիպմանը քննարկվել են նաև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման գործում խորհրդարանների դերի հետ կապված հարցեր: