Զորքերի դուրսբերումը ոչ միայն պահանջ է, այլև անհրաժեշտություն: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտնեց պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Անկախ նրանից՝ բանակցություններն ինչ ընթացք կստանան, ինչ որ պատկանում է ՀՀ-ին, քննարկման նյութ չէ: Մեր ինքնիշխան տարածքում որևէ օտար զինվորի ներկայությունը երբևիցե չի հանդուրժվելու: Նրանք պետք է խաղաղ պայմաններում դուրս գան մեր տարածքից: Մնացած դեպքերում դա պահպանելու է կոնֆլիկտի լարվածությունը մեր սահմանների վրա: Ոչ մեկին դա լավ տեղ չի հասցնելու»,- ասաց նա:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ բոլոր հարթակներում ներկայացնում են հայկական կողմի պահանջը:
«Այդ պահանջը շատ հասցեական ներկայացնում են նաև մեր միջազգային գործընկերները, և մենք հույս ունենք, որ ադրբեջանական ռազաքաղաքական ղեկավարությունը, վերջիվերջո, զորքերը հետ կքաշի ելման դիրքեր»,- ասաց նա:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն էլ նշեց, որ Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումից հայկական կողմի ակնկալիքն է լինելու նաև նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նախորդ տարվա նոյեմբերի հայտարարությունների կատարման ընթացքի վերլուծությունը: