ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Կառավարության նիստի ընթացքում հայտնեց, որ ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագրի հիմնական նպատակն է նպաստել աշնանացան ցորենի ցանքատարածությունների ավելացմանը նաև չմշակվող հողերի օգտագործման միջոցով:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել բոլոր մարզերում, բացառությամբ Արարատի և Արմավիրի:
«Հոկտեմբերի 25-ի դրությամբ արդեն ընդունել ենք ծրագրի շահառուների դիմումները»,- ասաց նախարարի տեղակալը:
Ընդհանուր առմամբ փոխհատուցման գումարը կկազմի մոտ 2 մլրդ 425 մլն դրամ: Միաժամանակ, մոնիտորինգ իրականացնելու համար համայնքներին կտրամադրվի մոտ 72 մլն 750 հազար դրամ: Ընդհանուր առմամբ՝ ծրագրի բյուջեն կկազմի 2 մլրդ 497 մլն 750 հազ դրամ:
«Ցավոք սրտի, մենք գյուղատնտեսության ոլորտում շարունակում ենք անկման դինամիկայի մեջ մնալ՝ ի հեճուկս ընդհանուր տնտեսական ցուցանիշների, մասնավորապես, 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին մենք գյուղատնտեսական արտադրանքի 0,7 տոկոսի անկում ենք արձանագրել, և ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա: Մեր ամենօրյա աշխատանքի կարևոր թեմաներից մեկը պետք է լինի գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը շեշտեց, որ ընդհանուր առմամբ տնտեսական իրավիճակը մեր երկրում լավ է: 2022 թ. սեպտեմբերին արձանագրել ենք 14,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ 2022 թ. հունվար-սեպտեմբերին՝ 2021 թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ, 14,1 տոկոսով աճ ունենք: Ընդ որում՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 10 տոկոսով: Շինարարության ծավալը՝ 14,3 տոկոսով, առևտրի շրջանառությունն աճել է 14,5 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 27,1 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ 16,9 տոկոսով, արտահանումը՝ 63,8 տոկոսով, ներմուծումն աճել է 61,6 տոկոսով: