Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը ամբողջությամբ թեքեց Հայաստանի պատմության ընթացքը: Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպության ղեկավարի գնահատականն է 99-ի ահաբեկչությանը:
Նինա Կարապետյանց («Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար) - Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի հայրենասիրության մասին կասկած լինել չի կարող: Ուժը, գիտելիքը և հայրենասիրությունը միասին հաստատ թույլ չէին տալու մի շարք գործընթացներ՝ սկսած «Գույք՝ պարտքի դիմաց»-ից, Մեղրիի հարցում քննարկումներից:
23 տարի առաջ՝ 1999-ի այս օրը, խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նաիրի Հունանյանի գլխավորած ահաբեկչության զոհ դարձան 8 պետական գործիչներ, այդ թվում` Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը այսօրվա նման է հիշում տեղի ունեցածը, մասնակցել է գործի նախաքննությանը, դատաքննությանը: Եզրակացությունը մեկն է. սա այսպես կոչված յոթ ռոմանտիկների ձեռքի գործը չէր միայն:
Ժաննա Ալեքսանյան («Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ) - Ակնհայտորեն երևում էր մի ձեռք Հայաստանում և ձեռքեր դրսից, որը կաշկանդում էր գործի բացահայտմանը:
Ինչո՞ւ մինչև հիմա գործը բացահայտված չէ հարցին Կարապետյանցի կարծիքն է. քանի դեռ Հայաստանում ավարտին չեն հասել արդարադատության ոլորտում բարեփոխումները, դատավորները վեթինգի չեն ենթարկվել, դժվար է պատկերացնել ոճրագործության բացահայտումը:
Նինա Կարապետյանց - Սա միայն ներքին խնդիր չէ, հարց չէ, արդեն ակնհայտ է, որ իրական պատվիրատուները խնդիր են ունեցել վերացնել բոլոր խոչընդոտները՝ ի դեմս առանձին քաղաքական գործիչների:
«Հոկտեմբերի 27»-ի գործը վերաբացվել է 2021-ին, Յուրի Բախշյանի տիկնոջ՝ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա: Քննությունն այժմ իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը: Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, հարցաքննվել են մի շարք անձինք: Քրեակատարողական հիմնարկներից առգրավվել են խմբի անդամներ Էդուարդ Գրիգորյանի, Վռամ Գալստյանի և Համլետ Ստեփանյանի անձնական գործերը՝ նրանց մահվան պատճառները պարզաբանելու համար: Դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով կազմվել է քննության պլան: