ԱԺ ճեպազրույցների մեկնարկին պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը:
Այնուհետև նա ընդգծեց գործի բացահայտման անհրաժեշտությունը:
«Շարունակաբար Հոկտեմբերի 27-ի չբացահայտված լինելը մեզ հնարավորություն չի տալիս կառուցել ներքին համերաշխություն մեր երկրում, կասկածամտությունը հանենք մեր երկրի ներքին կյանքից: Խնդրում եմ, որ նոր գլխավոր դատախազը հետևողական լինի «27-ի» բացահայտմանն առնչվող բոլոր խնդիրների կապակցությամբ: Նույնիսկ այս պահին կա հնարավորություն «27-ի» ամբողջական բացահայտման համար, որովհետև շատ կարևոր վկաներ այլևս չկան, բայց նաև կան դրա բացահայտմանը հասնելու հեռանկարներ:
Խնդրում եմ, որ այդ խնդրի հետ կապված մեր բոլոր հնարավոր ջանքերը դարձնենք իրականանալի: Այսքան տարիներ եթե որևէ առաջընթաց չենք ունեցել, նշանակում է՝ խանգարող հանգամանքներ են եղել: Այդ խանգարող հանգամանքները նույնպես պետք է բացահայտվեն»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: