«Քաղաքացիական պայմանագիրը» ճեպազրույցը սկսեց մեկ րոպե լռությամբ:
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության չբացահայտված լինելը հնարավորություն չի տալիս կառուցել ներքին համերաշխություն՝ ընդգծում է Անդրանիկ Քոչարյանը: Արձանագրելով՝ շատ կարևոր վկաներ մահացել են, բայց դեռ կա բացահայտմանը հասնելու հեռանկար:
Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Խնդրում եմ, որ նոր գլխավոր դատախազը հետևողական լինի Հոկտեմբերի 27-ի բացահայտմանն առնչվող բոլոր խնդիրների կապակցությամբ: Նույնիսկ այս պահին կա հնարավորություն Հոկտեմբերի 27-ի ամբողջական բացահայտման համար:
Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԵԼ ՍՈՉԻԻ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ. ԱԺ ՃԵՊԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
Ի՞նչ է ակնկալում հայկական կողմը Սոչիում նախատաեսված եռակողմ հանդիպումից. կառավարող ուժի պատգամավոր Սարգիս Խանդանյանի դիտարկմամբ՝ նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նախորդ տարվա նոյեմբերի հայտարարությունների կատարման ընթացքի վերլուծությանն է սպասում հայկական կողմը:
Սարգիս Խանդանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Մեկ տարի է անցել այս ֆորմատով եռակողմ հանդիպումից հետո, և կարծում եմ՝ ժամացույցներն ուղղելու անհրաժեշտություն կա: Եվ հայկական կողմի օրակարգն այն հարցերի պարզաբանումն է, որոնք մինչև այս պահը՝ վերջին 1 տարվա ընթացքում, տեղի են ունեցել:
Ինչ վերաբերում է Հայաստանից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը, Խանդանյանն ընդգծում է՝ այն Հայաստանի օրակարգն է ցանկացած հարթակում: Այս հարցը որպես նախապայման բանակցություններից առաջ շահարկելու առաջարկը պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը վտանգավոր է համարում, նկատում՝ այս գերլարված իրավիճակում ցանկացած նախապայման նշանակելու է գործընթացի սառեցում:
Արթուր Հովհաննիսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Պահանջը ներկայացնում են նաև մեր միջազգային գործընկերները՝ շատ կոնկրետ և հասցեական: Եվ մենք հույս ունենք, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը վերջիվերջո զորքերը հետ կքաշի ելման դիրքեր: Եվ բանակցությունների գործընթացում այս պահանջները միմյանց հետ զուգահեռ են ընթանում:
Բանակցային գորընթացից մեծ ակնկալիքներ չունի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը: Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ Ադրբեջանը դելիմիտացիայի, դեմարկացիայի գնալու նպատակ չունի:
Տիգրան Աբրահամյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր) - Ադրբեջանը և՛ 2021 թվականի մայիսի, և՛ նոյեմբերի ագրեսիաներով, և՛ 2022 թվականի սեպտեմբերի ագրեսիայի միջոցով փորձում է լուծել շատ ավելի մեծ խնդիր, քան կարելի է պատկերացնել: Ադրբեջանը փորձում է Հայաստանին զրկել իր կենսունակությունից։ Շատ կարևոր է արձանագրել տարածքային կորուստները, բայց Ադրբեջանի գլխավոր նպատակը զուտ բնակավայրերը չեն։
Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ անկախ բանակցային գործընթացից, հայտարարություններից ու պայմանավորվածություններից՝ Ադրբեջանը նոր հարձակման հնարավորություն է ստեղծում: Սոչիի հանդիպումն անկանխատեսելի է որակում «Հայաստան» խմբակցության պատգամավորը: Գեղամ Մանուկյանը ճեպազրույցին թղթապանակով էր եկել: Ըստ նրա՝ այստեղ ներառված պաշտոնական փաստաթղթերը հերքում են իշխանության տեսակետը, թե Արցախը փաստաթղթերով ներառված է եղել Ադրբեջանի կազմում: Ընդդիմության նախապես հայտարարված ակտիվ գործունեությունը երբ է սկսվելու հարցին Մանուկյանն արձագանքեց, թե ակտիվության ցուցիչը միայն հանրահավաքը չէ:
Գեղամ Մանուկյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Ակտիվությունը խորհրդարանական, օրենսդրական գործունեությունն է, պատգամավորական հարցապնդումներն են, մարզային այցերն են, ժողովրդի հետ հանդիպումն է:
Մեր գործիքակազմում կա և՛ հանրահավաք, և՛ բողոքի ակցիաներ, որոնք անպայման հարկ եղած դեպքում և ոչ շատ ուշ գործի են դրվելու:
Այս օրերին գումարվելիք Հայրենիք-Սփյուռք համաժողովին ՀՅԴ չմասնակցելու պատճառին էլ է անդրադառնում, շեշտում՝ համաժողովը կազմակերպվել է անհատական հրավերներով, Հայ հեղափոխական դաշնակցությունը պաշտոնական որևէ հրավեր չի ստացել: Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից էլ հակադարձում են՝ մինչև հրավիրման ձևաչափի փոփոխությունը, դեռ 2 ամիս առաջ, Դաշնակցության Բյուրոն շրջաբերական է տարածել՝ հանձնարարելով դաշնակցականներին և քույր կառույցների ներկայացուցիչներին՝ չմասնակցել գագաթնաժողովին:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան