ԵԱՏՄ-Ն ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՆՈՐ ԳՈՏԻՆԵՐ ՍՏԵՂԾԵԼ
Ռուսաստանը և Եվրասիական տնտեսական միությունը դիտարկում են նոր երկրների հետ ազատ առևտրի գոտիներ ստեղծելու հնարավորությունը՝ Բաքվում Եվրասիական տնտեսական XV համաժողովում հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։
«Այդ հարցով բանակցություններ են տարվում Եգիպտոսի, Ինդոնեզիայի և Հնդկաստանի հետ: Դիտարկվում են Մոնղոլիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ նման մեխանիզմ ստեղծելու հեռանկարները»,- նշել է նա։
ԵԱՏՄ անդամներն արդեն ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագրեր են կնքել Վիետնամի և Սինգապուրի հետ, ժամանակավոր փաստաթուղթ է ստորագրվել նաև Իրանի հետ։
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ՌԴ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Կողմերը մտքեր են փոխանակել Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի վերաբերյալ։ Քննարկվել է նաև տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման նպատակով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը:
Հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել ռուս-ադրբեջանական հարաբերությունների դինամիկ զարգացման և տարբեր ոլորտներում երկրների միջև համագործակցության ներկա վիճակի կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՊՈՒՏԻՆԸ ԳՎԻՆԵԱ-ԲԻՍԱՈՒԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻՋՈՑՈՎ ՈՒՂԵՐՁ ՉԻ ՓՈԽԱՆՑԵԼ
Վլադիմիր Պուտինը Գվինեա-Բիսաուի նախագահին չի խնդրել հատուկ ուղերձ փոխանցել Վոլոդիմիր Զելենսկուն՝ իբր պատրաստ է բանակցել Ուկրաինայի նախագահի հետ՝ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակը։
Դմիտրի Պեսկովը նշել է, որ Պուտինը Գվինեա-Բիսաուի նախագահին տեղեկացրել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների ընթացքի մասին:
«Ռուսաստանը պատրաստ է ապահովել իր շահերը Ուկրաինայի հետ բանակցությունների սեղանի շուրջ, սակայն Կիևը դա չի ցանկանում Վաշինգտոնի հրահանգով»,- ընդգծել է Պեսկովը։
Ավելի վաղ Գվինեա-Բիսաուի նախագահը Մոսկվայում Պուտինի հետ հանդիպումից հետո մեկնել էր Կիև: Ուկրաինական կողմի փոխանցմամբ՝ նա Զելենսկուն էր փոխանցել Ռուսաստանի նախագահի ուղերձն այն մասին, թե վերջինս պատրաստ է բանակցել Ուկրաինայի նախագահի հետ:
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿԱՆՑԼԵՐԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ Է
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, որը պաշտոնական այցով Աթենքում է, հայտարարել է, որ Հունաստանի նկատմամբ Թուրքիայի տարածքային պահանջներն ու սպառնալիքներն անընդունելի են: Նա կոչ է արել լուծել առկա խնդիրները երկխոսության միջոցով:
«ՆԱՏՕ-ի մի գործընկերը չի կարող մարտահրավեր նետել դաշինքի մեկ այլ անդամի ինքնիշխանությանը։ Դա վերաբերում է նաև քիչ թե շատ քողարկված ռազմական սպառնալիքներին»,- տեղական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է Շոլցը։
Գերմանիայի կանցլերը նաև հանդիպել է Հունաստանի վարչապետ Կիրակոս Միցոտակիսի հետ: Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նա կարծիք է հայտնել, որ Հունաստանի և Թուրքիայի միջև բարիդրացիական հարաբերությունները կարևոր են ոչ միայն երկու երկրի, այլև ողջ Եվրոպայի համար։
«Մեր ընդհանուր նպատակը պետք է լինի Միջերկրական ծովի արևելյան հատվածի ամբողջ տնտեսական ներուժի օգտագործումը»,- ասել է Շոլցը:
Պաշտոնյաներն անդրադարձել են նաև Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու հնարավոր տարբերակներին:
ԻՍՐԱՅԵԼԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ Է
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը պաշտոնական այցով Անկարայում է։ Սա վեջին ավելի քան 10 տարվա ընթացքում պաշտպանության նախարարի առաջին այցն է Թուրքիա։
Հանցին ընդունել է նրա թուրք պաշտոնակից Հուլուսի Աքարը: Կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում խաղաղություն, անվտանգություն և կայունություն ապահովելու հեռանկարները:
Իսրայելում Հանցի այցելությունը Թուրքիա երկու երկրների հարաբերությունների վերաբեռնում են անվանել։ Իսրայելցի նախարարն, իր հերթին, նշել է, որ թուրք գործընկերնեի հետ հանդիպումները զենքի մատակարարման մասին գործարք կնքելը չէ։
ԱՄՆ-Ը ԳԵՐՁԱՅՆԱՅԻՆ ԶԵՆՔԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼ
ԱՄՆ զինված ուժերը Վիրջինիայի առափնյա արձակման հարթակից գերձայնային զենքի բաղադրիչների փորձարկումներ է իրականացրել՝ հայտնում է Reuters-ը։ Գործակալության տվյալով՝ հրթիռի արձակումը բարեհաջող է անցել:
Փորձարկման շրջանակում գնահատվել են զենքի նավիգացիոն սարքավորումները և գերձայնային միջավայրում կատարելագործված նյութերի ջերմադիմացկունությունը:
Հոդվածի համաձայն՝ Միացյալ Նահանգներն ակտիվացնում է գերձայնային զենքի ստեղծման աշխատանքները, քանի որ այն կարող է կասեցնել հակառակորդների կողմից ավանդական պաշտպանական մեխանիզմների կիրառումը և ժամանակին արձագանքելու հնարավորությունը: