ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԷՐ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԴԵՄ. ՎԱՐՉԱՊԵՏ
Նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի: 23 տարի առաջ տեղի ունեցածը, վարչապետի խոսքով, հարձակում էր Հայաստանի ինքնիշխանության, անկախության, ժողովրդի ընտրած իշխանության դեմ:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Խորհրդարան ներխուժած ահաբեկչական խումբն ինքնաձիգներով սպանեց ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ նախագահի տեղակալներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ԱԺ պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանին, Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին:
ՊՆ-Ն ՆՈՐ ԾՐԱԳԻՐ Է ՍԿՍՈՒՄ՝ «ՊԱՇՏՊԱՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ»
Անցնելով օրակարգին. Պաշտպանության նախարարությունը նոր ծրագիր է սկսում՝ «Պաշտպան հայրենյաց»: Շարքային ու սպայական կազմերի ժամկետայինները ծառայության առաջին 6 ամսից հետո կարող են դիմում գրել, անցել պայմանագրային ծառայության՝ 5 տարի ժամկետով: Նախարարի խոսքով՝ այս կերպ նրանք ոչ միայն աշխատավարձ կստանան, այլև ատեստավորում անցելով՝ հավելավճար էլ կունենան, իսկ ժամկետի ավարտին կամ դրանից շուտ, առողջական խնդիրներով պայմանավորված, ոչ պիտանի ճանաչվել, արձակվելիս կստանան պատվովճար 5 միլիոն դրամի չափով:
Սուրեն Պապիկյան (ՀՀ պաշտպանության նախարար) - Միաժամանակ, պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում, պայմանագրային զինծառայության ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր զինծառայության ժամկետում, և զինծառայողը ուղարկվելու է շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած մասը։
Նախագիծը բանակի բարեփոխումների մաս է, պրոֆեսիոնալ բանակին անցում կատարելու քայլերից՝ նշեց վարչապետը: Ասաց՝ ժամկետայիններին հնարավորություն է տրվելու մասնակցել այս գործընթացներին: Կարևորելով սպայական դասի պատրաստված ու պրոֆեսիոնալ լինելը՝ Փաշինյանը տեղեկացրեց՝ բուհական բարեփոխումների համատեքստում քննարկում են առանձին սպայական ուսումնական հաստատության ստեղծման հարցը։
Նիկոլ Փաշինյան - Դա չի լինի ուղղակի բակալավրիատ, այլ սպա պատրաստող ուսումնական հաստատություն կլինի։ Սա շատ լուրջ և խորքային խնդիր է, հայեցակարգային խնդիր է, պետության կայացման և ինստիտուտների պետականակենտրոն դասի ձևավորման խնդիր է։ Այստեղ պետք է լրջորեն մտածենք։ Երեկ խորհրդակցություն ենք ունեցել այդ թեմայով, ես դրա հետ կապված հանձնարարական եմ տվել, որ այս ուղղությամբ մտածենք։
«Պաշտպան հայրենյաց»-ի մեկնարկով դադարելու է գործել «Ես եմ» ծրագիրը, որն ըստ Պապիկյանի՝ այս պահին ընդամենը երկու շահառու ունի՝ այդ զինծառայողների 36-ամսյա ժամկետն էլ լրանում է 2023-ի ի հունվարին: Նախագիծը հաստատվեց, անհետագձելի համարվեց, ուղարկվեց խորհրդարան:
ՏԱՐԵՍԿԶԲԻՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԻ 24 ԴՊՐՈՑ ԵՎ 53 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Տարածքային կառավարման նախարարն էլ առաջարկեց սեյսմիկ խնդիրներ ունեցող 437 դպրոցի ցանկից հանել 63-ը, որոնք այս տարիներին արդեն ամրացվել են, հիմնանորոգվել կամ 0-ից կառուցվել: Սանոսյանի խոսքով՝ 31-ն այժմ ընթացքի մեջ է, 15-ի հարցն էլ կլուծվի 4 տարվա ընթացքում: Կառավարության ծրագրով մինչև 2026-ի սեպտեմբերի 1-ը՝ խոստացվածից ավելի շատ, դպրոց ու մանկապարտեզ կկառուցվի՝ սա էլ նկատեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյան - 2023 հունվարի 1-ին նախատեսում ենք շահագործման հանձնել 24 դպրոց և 53 մանկապարտեզ, 2024 թվականին՝ 64 դպրոց և 141 մանկապարտեզ, 2025 թվականին՝ 57 դպրոց և 144 մանկապարտեզ, 2026 թվականի հունվարի 1-ին՝ 111 դպրոց և 87 մանկապարտեզ, 2026 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ 78 դպրոց և 92 մանկապարտեզ։ Ամբողջական՝ 337 դպրոց ու 521 մանկապարտեզ:
Վարչապետը գոհ է ընթացքից, բայց հանձնարարեց ձեռքը զարկերակին պահել: Ըստ նրա՝ կարևոր է, որ հատկապես գյուղական բնակավայրերում կառուցվող դպրոցները ոչ միայն որպես ուսումնական հաստատություն ծառայեն, այլև դառնան երիտասարդների կրթական կենտրոն, համայնքային ակտիվ կյանքի կազմակերպման վայր:
Նիկոլ Փաշինյան - էնպես չլինի, որ շենքը կառուցեցինք, մինչև ժամը 2-3 դաս եղավ, հետո կողպեքով փակեցինք ու սկսեցինք պաշտպանել, որ հանկարծ չմաշի էդ շենքը: Էդ շենքերը պետք է ապրեն և պետք է դառնան կյանքի կազմակերպման կենտրոններ:
ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՄԲ ԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՍՏԱՑՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԿԸՆԴԼԱՅՆՎԻ
Նախարար Դումանյանին էլ ներկայացրեց այս տարվա ուսուցիչների ատեստավորման արդյունքները: Գրացված 3886 մանկավարժից գիտելիքների ստուգմանը մասնակցել է 2300-ը: Անցողիկ շեմը հաղթահարել է նրանց 2/3-ը: Դումանյանի խոսքով՝ 30 տոկոսի չափով հավելավճար կստանա 525 ուսուցիչ, 40 տոկոսի չափով՝ 397, իսկ աշխատավարձի կրկանապատկում կունենա (50 տոկոս)՝ 137 մանկարվարժ՝ մասնակիցների ընդամենը 6 տոկոսը:
Վահրամ Դումանյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Ի դեպ՝ այդ թվում և դրույքաչափը նրանց դառնում է 200 հազար դրամ, ավտոմատ, ովքեր 70 և ավելի տոկոս հավաքել են, և այդ դրույքաչափին ավելանում է ավտոմատ 30, 40, 50 տոկոս:
Ատեստավորմամբ բարձր աշխատավարձ ստանալու հնարավորություն 1-4-ի դասվարներին էլ կտրվի: Վարչապետի խոսքով՝ մեխանիզմը պետք է գործի նաև մանկապարտեզների դաստիարականների, արվեստի, երաժշտական ու սպորտ դպրոցներին ուսուցիչների, մարզիչների համար:
2,5 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ՝ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ
Գրեթե 2,5 միլիարդ էլ Կառավարությունը հատկացրեց աշնանացան ցորենի փոխհատուցման ծրագրին: Բացի Արմավիրից ու Արարատից, մյուս մարզերում մինչև 100 հա չափով աշնանացան ցանելու համար գյուղացիները 1 հա-ի հաշվով
120 հազար դրամի աջակցություն կստանան, եթե հավաստագրված սերմ են ցանել, և 70 հազար՝ չհավաստագրվածի դեպքում: Էկոնոմիկայի փոխնախարարի խոսքով՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ դիմումներն արդեն ստացվել են, հայտերը կընդունվեն մինչև նոյեմբերի 15-ը:
Գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը պետք է լինի գործադիրի աշխատանքի ամենօրյա թեման՝ սա էլ նշեց վարչապետը՝ մեջբերեց վիճակագրությունը՝ նվազման դինամիկան պահպանվում է, հունվարից-սեպտեմբեր գյուղատնտեսական արտադրանքը 0,7 տոկոսի անկում է արձանագրել:
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՆՈՐ ՌԵԿՈՐԴ Է ԳՐԱՆՑՎԵԼ. ՎԱՐՉԱՊԵՏ
Ինչ վերաբերում է տնտեսական վիճակին, ապա վարչապետը թվերից գոհ է:
Նիկոլ Փաշինյան - 2022 թ. սեպտեմբերին արձանագրել ենք 14,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ 2022 թ. հունվար-սեպտեմբերին՝ 2021 թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ, 14,1 տոկոսով աճ ունենք: Ընդ որում՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 10 տոկոսով: Շինարարության ծավալը՝ 14,3 տոկոսով, առևտրի շրջանառությունն աճել է 14,5 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 27,1 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ 16,9 տոկոսով, արտահանումը՝ 63,8 տոկոսով, ներմուծումն աճել է 61,6 տոկոսով:
Կառավարության հանձնառությունն է՝ 2023-ին էլ ապահովել նվազագույնը 7 տոկոս ցուցանիշը: Փաշինյանը այլ թվերից խոսեց, ասաց՝ այս սեպտեմբերին գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ է եղել:
Նիկոլ Փաշինյան - Ունեցել ենք 691 հազար 87 աշխատատեղ, որը մեր նախորդ ռեկորդից ավել է 10 հազարով, իսկ նախորդ ռեկորդը գրանցվել էր 2022 թվականի հունիսին՝ 681 հազար 50 աշխատատեղ:
Համադրելով ցուցանիշները՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ 2018 թվականից ի վեր 108 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել կամ ստվերից դուրս եկել: Մեջբերեց նաև աշխատավարձային ֆոնդի տվյալները՝ այս սեպտեմբերին վճարված աշխատավարձերը 2021-ի սեպտեմբերի համեմատ ավելի են 23,5 տոկոսով, 73 տոկոսով էլ՝ 2018 թվականի նույն ամսից: Ասաց՝ հպարտանալու առիթ կա նաև եկամտահարկի ցուցանիշերում, քանի որ դրույքաչափն իջեցվել է, բայց հավաքման տեմպն ավելացել է:
Նիկոլ Փաշինյան - 2022 թվականի սեպտեմբերին, 2021 թվականի սեպտեմբերի նկատմամբ, եկամտային հարկ ավել է հավաքվել 5 մլրդ 351 մլն դրամով կամ 17,6 տոկոսով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի նկատմամբ՝ 10 մլրդ 556 մլն դրամով կամ 41,8 տոկոսով:
Տարեցտարի ավելանում է նաև եկամտահարկի վերադարձի ծավալը: ՊԵԿ նախագահի տվյալով՝ առաջին 9 ամիսներին 30,4 միլիարդ դրամ է վերադարձվել, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 67,7 տոկոսով: