Ոստիկանության զորքերի ապառազմականացումն անհրաժեշտություն է՝ ոլորտի բարեփոխումների վերաբերյալ քննարկմանը հայտարարեց արդարադատության փոխնախարարը: Արփինե Սարգսյանի խոսքով՝ ոստիկանության զորքերին բնորոշ է արտաքին անվտանգության և իրավակարգի ապահովման պետական գործառույթների զուգակցումը, որը բացարձակապես չի բխում ոստիկանության առջև օրենքով դրված խնդիրներից: Այդ թվում, օրինակ, Հայաստանի պաշտպանությանը մասնակցելը:
Արփինե Սարգսյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Սա բնորոշ է զինված ուժերին պաշտպանության մասնակցության ֆունկցիային, և հետևապես ոստիկանության զորքերի ֆունկցիոնալ բազայի ուսումնասիրությունը թույլ է տալիս նշել, որ զորքերն ունեն թե՛ արտաքին անվտանգության տեսանկյունից, թե՛ ներքին անվտանգության տեսանկյունից գործառույթներ: Եվ այստեղ խաչում ունենք ներքին և արտաքին անվտանգության տեսանկյունից որոշակի գործառույթների իրականացման, ինչը ոստիկանության առջև դրված խնդիրներից չի բխում:
Փոխնախարարը մանրամասնում է՝ բարեփոխման արդյունքում ոստիկանության զորքերը պետք է դուրս գան ռազմական ոլորտի դաշտից և իրականացնեն բացառապես ոստիկանությանը բնորոշ գործառույթներ՝ զբաղվեն հասարակական կարգի, բարձրաստիճան պաշտոնատար անձանց պաշտպանությամբ, կամ, օրինակ, կալանավորված անձանց ուղեկցությամբ, անհրաժեշտության դեպքում՝ հակաահաբեկչական որոշ գործողություններին մասնակցությամբ: Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանի խոսքով էլ՝ առաջարկվող փոփոխությունների դեպքում մի շարք խորքային բարեփոխումներ պետք է իրականացվեն:
Հայկ Բաբայան (Ոստիկանության զորքերի հրամանատար, Ոստիկանության պետի տեղակալ) - Ներկայումս ոստիկանական զորքերը տիպիկ զինվորական կառույց է, որը ենթակա է որոշակի փոփոխությունների:
Քննարկմանը հստակեցվեց՝ բարեփոխման արդյունքում փոխվելու է նաև հանրություն-ոստիկանություն հարաբերությունների էությունը՝ ոստիկանության զորքերն ավելի թափանցիկ և պատասխանատու են դառնալու: Այսպիսով՝ ոստիկանության հնարավոր ապառազմականացումը տեղի է ունենալու նախևառաջ ոստիկանության զորքերի կարգավիճակի փոփոխությամբ: Այս նպատակին հասնելու համար առաջարկվում է «զորքեր» եզրույթը փոխարինել «գվարդիայով»: Հաշվի առնելով, որ հասարակական կարգի պահպանումն ու վերահսկողությունը այսօր պետք է առավելապես ոչ բռնի գործողություններով իրականացվեն, այդ կադրերի պատրաստման գործում կարևոր տեղ են զբաղեցնելու մտավոր պատրաստվածությունը, սցենարների զարգացման, արագ արձագանքման, բանակցությունների և այլ հմտությունների տիրապետումը:
Արփինե Սարգսյան - Տարբեր իրավիճակներում մենք գործ ունենք այնպիսի դեպքերի հետ, երբ ոստիկանության զորքերը տարբեր զանգվածային անկարգությունների կանխման հետ պետք է գործ ունենան, կարևոր է, որ գվարդիայի ներկայացուցիչը կարողանա ոչ բռնի մեթոդով կանխարգելել այդ ամենը: Նրանք պետք է կարողանան այնպիսի փուլ անցնել, որի արդյունքում ուժի ազդեցությունը կմնա ծայրահեղ վերջին միջոց, նախ՝ տակտիկա և այլն:
Արդեն մշակվում է ճանապարհային քարտեզը, որով հստակեցվում է, թե որքան է լինելու գվարդիայի թվակազմը, ինչպիսի կառուցվածք է այն ունենալու, ինչ ֆունկցիոնալ բազա է նրան սպասարկելու, անգամ՝ սպառազինության տեսակները: