ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Տավուշ կատարած այցի շրջանակում Ջուջևան բնակավայրում հյուրընկալվել է գորգագործ Անուշ Ալեքսանյանին: Տիկին Հակոբյանին դիմավորել են Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Նոյեմբերյան համայնքի ավագանու անդամ Հայկանուշ Բեգլարյանը և գորգագործ Անուշ Ալեքսանյանը:
Անուշ Ալեքսանյանը տիկին Աննա Հակոբյանին ներկայացրել է իր աշխատանքները` Սասունցի Դավթի, Ախթամարի, Արա Գեղեցիկի և Շամիրամի պատկերներով գորգերը: Պատմել, որ գործելուց միշտ զրուցում է հերոսների հետ, և հավելել, որ թելերի գույնը բնական տարբերակով է ստանում` բուսաներկով:
Անուշ Ալեքսանյանը գորգագործությամբ է զբաղվում 18 տարեկանից: Զուգահեռ, երկար տարիներ դպրոցում հայոց լեզու և գրականություն է դասավանդել: Հիմա արդեն 75-ն է բոլորել և մտածում է գործը ժառանգելու մասին:
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանին գորգագործը իր ծրագիրն է ներկայացրել` փոքրիկ տարածք ունենալ և աշակերտների հետ աշխատել։ Այդ հարցում փորձում է օգնել նաև համայնքը:
Վարչապետի տիկնոջ խոսքով՝ այս պարագայում խմբակը անհրաժեշտություն է, ինչի արդյունքում համայնքը կշահի և կզարգանա:
Տավուշի մարզում Աննա Հակոբյանի հաջորդ կանգառը Նոյեմբերյան քաղաքի բնական հյութերի արտադրամասում էր, որի հիմնադիրը տեղացի Գիշյանների ընտանիքն է։ Արտադրամասը հիմնվել է 2019 թվականին։
Արտադրամասի տնօրեն Սուսաննա Գիշյանը Աննա Հակոբյանին է ներկայացրել օգտագործվող տեխնոլոգիաները, պատմել թե ինչպես են ստանում հյութերը: Մթերումն իրականացվում է Նոյեմբերյանի շրջակա գյուղերից։
Տիկին Աննա Հակոբյանը շատ գովելի է համարել այն հանգամանքը, որ արտադրամասն իր հյութերը առաջնային կարգով մոտ մեկ տասնյակ զորամասերի է մատակարարում:
Արտադրամասում այս պահին 6 մասնագետ է աշխատում: Նախատեսվում է ապագայում արտադրամասը ընդլայնել և աշխատատեղեր ավելացնել:
Հյութերի արտադրամասից հետո վարչապետի տիկինն այցելել է «Վիտրում» ձեռագործության արտադրամաս, որտեղ Աննա Հակոբյանին դիմավորել են արտադրամասի համահիմնադիրներ Նունե Ազիզյանը և Սիրանուշ Ամիրաղյանը:
Բիզնես ստեղծելու գաղափարն առաջացել է 2016-ին, կյանքի կոչվել 2019-ին: Ըստ կանանց՝ բիզնես հիմնելու դրդապատճառներից մեկը քաղաքում ու մարզում կարծրատիպ կոտրելն էր, որ քիչ ներդրումով բիզնես անհնար է հիմնել: Պատրաստում ու վաճառում են կրծքազարդեր, տան դեկորներ, ժամացույցներ, լուսամփոփներ (լամպեր): Արտադրամասում նաև եռաչափ մոդելավորման դասեր են անցկացնում:
Տիկին Հակոբյանը հետաքրքրվել է, թե ինչպես են գործընկերները սպառում արտադրանքը: Նունեի և Սիրանուշի խոսքով՝ այս պահին հիմնական սպառումը սոցհարթակներով է իրականացվում, ներկայացված են նաև երևանյան մի շարք խանութներում։ Բիզնեսն ընդլայնելու համար դիմել են պետական աջակցության ծրագրերի:
Գունավոր լուսամփոփներն ու կրծքազարդերը դրական տրամադրություն են փոխանցում՝ անկեղծացել է վարչապետի տիկինը և երիտասարդներին աշխատանքում հաջողություններ մաղթել: