ԻՐԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՆՎԱԶՆ 15 ԶՈՀ ԿԱ
3 զինված անձ կրակ է բացել Իրանի Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրում, որտեղ այդ պահին ուխտավորներ են եղել: Զոհվել է առնվազն 15 մարդ, այդ թվում՝ երեխաներ, շուրջ 40-ը վիրավորվել է։ «Իսնա» լրատվական գործակալության տվյալով՝ ահաբեկիչներից 2-ը ձերբակալվել են։ Իրանի անվտանգային կառույցները հայտնում են, որ ահաբեկիչները իրանցի չեն: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:
Նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Իրանի անվտանգության ուժերը «ջախջախիչ պատասխան» կտան դամբարանի վրա հարձակման կազմակերպիչներին և կատարողներին։ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ ահաբեկչության զոհերի:
ԿԻԵՎՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԵՎ ԳՎԻՆԵԱ-ԲԻՍԱՈՒԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
Կիևում տեղի է ունեցել Ուկրաինայի և Գվինեա-Բիսաուի նախագահների հանդիպումը: Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ Ումարու Շիսոկու Էմբալոն աֆրիկյան առաջին ղեկավարն է, որը փետրվարի 24-ից հետո այցելել է Ուկրաինա:
Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են պարենային ճգնաժամը հաղթահարելու Ուկրաինայի ջանքերը, ինչպես նաև աֆրիկյան երկրների և Կիևի միջև տնտեսական գործակցության հեռանկարները:
Նշվում է նաև, որ Գվինեա-Բիսաուի նախագահը Կիև է մեկնել Ռուսաստանի նախագահի հետ ավելի վաղ կայացած հանդիպումից հետո և Զելենսկուն է փոխանցել Վլադիմիր Պուտինի ուղերձն այն մասին, որ վեջինս պատրաստ է բանակցել Ուկրաինայի նախագահի հետ:
ՄԵՆՔ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԹՈՒՅԼ ՏԱԼ ՀԱՂԹԵԼ. ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ շուտով կմեկնի Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի նախագահի հետ և քննարկելու Դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցը։
Ենս Ստոլտենբերգն անդրադարձել է նաև Ուկրաինայի շուրջ զարգացումներին, նշել՝ Մոսկվայի հետ հնարավոր բանակցություններում Կիևի հաջողությունը կախված է մարտի դաշտում ուկրաինական զինված ուժերի հզորությունից, այդ իսկ պատճառով էլ ՆԱՏՕ-ն ռազմական աջակցություն է տրամադրում Ուկրաինային:
Գլխավոր քարտուղարը հրաժարվել է ենթադրություններ անել՝ երբ կավարտվի արդեն շուրջ 9 ամիս շարունակվող ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Նա միայն վստահեցրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կլինի Ուկրաինայի կողքին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է. «Մենք Վլադիմիր Պուտինին չենք կարող թույլ տալ հաղթել, քանի որ դա ողբերգություն կլինի ուկրաինացիների համար և մեզ ավելի խոցելի կդարձնի», - ասել է Ստոլտենբերգը:
ԱՇԽԱՐՀԻ ԱՊԱԳԱՆ ՄԱՍԱՄԲ ԿԱԽՎԱԾ Է ԱՄՆ-ՉԺՀ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ. ԲԼԻՆՔԵՆ
ԱՄՆ վարչակազմը Ռուսաստանի գործողությունների ֆոնին իր ռազմավարական ուժերի պատրաստականության մակարդակը փոխելու պատճառ չի տեսնում՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Bloomberg-ին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ Վաշինգտոնին, այնուհանդերձ, անհանգստացնում են միջուկային զենքի վերաբերյալ ռուսական կողմի հայտարարությունները: Բլինքենի խոսքով՝ Մոսկվայի պնդումները, թե Կիևը ցանկանում է Ուկրաինայի տարածքում այսպես կոչված «կեղտոտ միջուկային ռումբ» կիրառել և դրա համար մեղադրել ռուսական կողմին, չեն համապատասխանում իրականությանը:
Բլինքենը խոսել է նաև ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների մասին.
«Չինաստանի հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են: Մեր միջև մրցակցություն կա, աշխարհի ապագան մասամբ կախված է այդ մրցակցությունից և Վաշինգտոնի ու Պեկինի հարաբերությունների դինամիկայից»,- ընդգծել է պետքարտուղարը, հավելել՝ ամերիկյան իշխանությունները չեն ցանկանում զսպել Չինաստանին, բայց և վճռականորեն կպաշտպանեն երկրի շահերն ու արժեքները:
ԱՄՆ-Չինաստան հարաբերություններին անդրադարձել է նաև Սի Ծինփինը: Նա նշել է, որ Պեկինը պատրաստ է ջանքեր գործադրել ԱՄՆ-ի հետ խաղաղ գործակցություն ապահովելու ուղղությամբ։ Սի Ծինփինի համոզմամբ՝ Պեկինը և Վաշինգտոնը պետք է գտնեն հարաբերությունները զարգացնելու ճիշտ ճանապարհը, ինչը կնպաստի աշխարհում կայունության հաստատմանը:
ԵՎՐՈՊԱՆ ՆՎԱԶԵՑՐԵԼ Է ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻՑ. ԲՈՐԵԼ
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրոպան նվազեցրել է կախվածությունը ռուսական գազի մատակարարումներից՝ այդ ցուցանիշը 40%-ից հասցնելով 7%-ի:
«Սա ստիպում է մեզ այլ մատակարարների փնտրել: Մենք գործակցության հնարավորություն ենք տեսնում այդ թվում Լատինական Ամերիկայի հետ»,- նշել է նա Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի հարցերով ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի նիստում։