ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է. ՊԵՍԿՈՎ
Կրեմլը հուսով է, որ մոտ ապագայում Ռուսաստանում կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը՝ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պոսկովը:
Դմիտրի Պեսկով (ՌԴ նախագահի խոսնակ) - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նախապատրաստական փուլում է։ Վայրի և ժամկետների մասին լրացուցիչ կտեղեկացնենք։
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՆԱԼԻՆ Է. ՓՐԱՅՍ
Եռակողմ հանդիպում անցկացնելու՝ Վլադիմիր Պուտինի առաջարկին անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։ Նա ընդգծել է՝ Երևանը և Բաքուն պետք է որոշեն՝ արդյոք ՌԴ նախագահի հրավերն օգտակար կլինի՞ տևական խաղաղության հասնելու հարցում:
Փրայսն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին երկու երկրի ղեկավարների ուղիղ երկխոսությունն է։
Նեդ Փրայս (ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ) - Հավատարիմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Երկու ղեկավարներին էլ կոչ ենք արել հանդիպել իրենց հարմար ցանկացած ձևաչափով։ Երկխոսությունը խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է։ Հենց այդ պատճառով պետքարտուղար Բլինքենը սեպտեմբերին Նյու Յորք հրավիրեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին:
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանության ու անկախության հարցում ամենամեծ աջակցությունը ցուցաբերում է Վաշինգտոնը:
Նեդ Փրայս - 1991 թվականին Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի անկախության վերականգնումը կարևոր իրադարձություն էր, որը երաշխավորեց այդ երկրներից յուրաքանչյուրի իրավունքը՝ Մոսկվայից կամ որևէ այլ երկրից անկախ ձևավորելու իր արտաքին քաղաքական շահերը:
Նա հերքել է ռուսական կողմի պնդումներն այն մասին, թե ԱՄՆ-ը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում ինքնագովազդով է զբաղվում։ Փրայսը վստահեցրել է՝ Վաշինգտոնի միակն նպատակն է օգնել Բաքվին և Երևանին՝ հասնելու համապարփակ և կայուն խաղաղության, ինչպես նաև փրկել կյանքեր։
TELEGRAM-Ը՝ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Ադրբեջանում Telegram-ը դարձել է ատելության խոսքի, քարոզչության և այլախոհությունը ճնշելու գործիք՝ ասված է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի վերլուծությունում:
«Ադրբեջանում Telegram-ից ավելի հաճախ սկսեցին օգտվել 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Երբ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի միջև կրկին ռազմական գործողություններ սկսվեցին, ադրբեջանական Telegram ալիքներում հրապարակվեցին հայերի նկատմամբ ադրբեջանցի զինվորականների վայրագությունները»,- ասված է հրապարակման մեջ։
Նշվում է նաև, որ դեռևս 2021 թվականին հայտնաբերվել են ադրբեջանական Telegram խմբեր, որոնք տարածում էին ընդդիմադիր քաղաքական գործիչներին, լրագրողներին, ակտիվիստներին և նրանց ընտանիքի անդամներին վարկաբեկող նյութեր։ Ընդ որում՝ այդ սպառնալիքները ոչ միշտ են սահմանափակվում միայն վիրտուալ տիրույթով: 2021 թվականի մարտին Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության անդամ Մուհամմադ Միրզալիի նկատմամբ մահափորձ է կատարվել հայկական լրատվականներից մեկին տված հարցազրույցից հետո։
ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՆԵՐԹԱՓԱՆՑԵԼ ԱՊՀ ՏԱՐԱԾՔ. ՊՈՒՏԻՆ
«Իսլամական պետությունը» և ահաբեկչական այլ խմբավորումներ փորձում են ներթափանցել Անկախ Պետությունների Համագործակցության տարածք՝ հայտարարել է Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների պատվիրակությունների ղեկավարների հետ առցանց ռեժիմով հանդիպմանը:
«Մեր ընդհանուր խնդիրն է՝ պաշտպանել մեր ժողովուրդներին, ամրապնդել ԱՊՀ տարածքի կայունությունն ու խաղաղությունը»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինը կոչ է արել բացահայտել և ճնշել օտարերկրյա հետախուզական ծառայությունների գործունեությունը ԱՊՀ-ում և խոչընդոտել երկրների ներքին գործերին միջամտելու նրանց փորձերը։ Կրեմլի ղեկավարն ընդգծել է նաև ԱՊՀ տարածք մարտական փորձ ունեցող օտարերկրյա վարձկանների ներթափանցումը կանխելու կարևորությունը։
Նա մտահոգություն է հայտնել, որ որոշ երկրներ ԱՊՀ տարածքում գործի են դնում շանտաժի և ահաբեկման մարտավարությունը։
«Շարունակվում են գունավոր հեղափոխություններ անցկացնելու փորձերը, բորբոքվում են զինված հակամարտություններ, որոնք ուղղակիորեն սպառնում են ԱՊՀ բոլոր անդամների անվտանգությանը»,- ասել է Պուտինը։
ՌԴ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՈՒԺԵՐԸ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ
Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերը զորավարժություններ են անցկացրել, դրանց շրջանակում մշակվել են Ռուսաստանի դեմ հնարավոր միջուկային գրոհի պատասխան գործողությունները՝ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Ավելի վաղ միջուկային ուժերի ամենամյա զորավարժությունների մասին Մոսկվան տեղեկացրել էր ամերիկյան կողմին:
Վարժանքների ընթացքում Պլեսեցկի տիեզերակայանից «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակվել։ Նաև «Սինևա» բալիստիկ հրթիռ է արձակվել Բարենցի ծովի ջրատարածքից՝ Կամչատկայի Կուրա զինափորձարանի ուղղությամբ: Զորավարժություններին ներգրավվել են ռազմավարական ռմբակոծիչներ:
Նշվում է, որ զորավարժությունների նպատակն է ստուգել ռազմական հրամանատարության, ինչպես նաև օպերատիվ անձնակազմի պատրաստվածության մակարդակը: