Հոկտեմբերի 26-ին ՄԱԿ կենտրոնակայանում տեղի ունեցավ «Իրավական էթիկայում ներկա հիմնախնդիրները․ էթիկան, ներկայացուցչությունը և միջազգային վեճերի կարգավորումը» խորագրով քննարկում, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից՝ ԱՄՆ Հայ իրավաբանների միության (Armenian Bar Assosiation) և Միջազգային իրավունքի ասոցիացիայի (International Law Assosiation, American Branch) հետ համատեղ։
Բացման խոսքում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը կարևորեց միջազգային արդարադատության իրականացման ոլորտում երկրների շահերը ներկայացնող փաստաբանների բարեվարքության խնդիրները վերհանելու, հենց փաստաբանների կողմից էթիկայի նորմերի մշակման և իրականացման ու այս հարցում միջազգային հանրության դերակատարության հետ կապված խնդիրները վերհանելու կարևորությունը։
Ընդգծվեց, որ մարդու իրավունքներ ոտնահարող, կոռուպցիայի բարձր մակարդակ ունեցող երկրներն իրենց շահերը ներկայացնող փաստաբանների միջոցով շահագործում և խեղաթյուրում են միջազգային արդարադատության լծակները։ Այս համատեքստում ընդգծվեց միջազգային դատարաններում և տրիբունալներում հանդես եկող պաշտպանների գործունեությանն առնչվող կամավոր և պարտադիր բարեվարքության չափանիշների մշակման հնարավորությունների քննարկման կարևորությունը։
Միջոցառման բանախոսներն էին Ռիչմոնդի և Կոլումբիայի համալսարանների իրավունքի դասախոս Քիարա Ջորջեթին (Chiara Giorgetti), Միացյալ Թագավորության Սարեյի հալասարանի միջազգային իրավունքի դասախոս, Արման Սարվարյանը (Arman Sarvarian), փաստաբաններ Ալեքսանդր Պետրոսյանը (Alexander Bedrosyan) և Նյու Յորքի հայտնի դատավոր Գրանտ Հանեսյանը (Grant Hanessian)։
Բանախոսներն անդրադարձ կատարեցին միջազգային դատարաններում հանդես եկող փաստաբանների գործունեությունը, ինչպես նաև փաստաբանների և իրենց ներկայացրած կառավարությունների միջև հարաբերությունները կարգավորող բարեվարքության չափանիշներին, միջազգային արդարադատության ոլորտում կառավարությունների կողմից ընթացակարգային խախտումների պարագայում առաջացող իրավական հարցերին:
Միջոցառմանը մասնակցեցին ՄԱԿ-ում հավատարմագրված դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների և միջազգային իրավունքի ոլորտում մասնագիտացած ակադեմիական շրջանակաների ներկայացուցիչներ։
Հանդիպման տեսագրությունը հասանելի է ՄԱԿ-ի կայքում հետևյալ հղումով: