Կիևում տեղի է ունեցել Ուկրաինայի և Գվինեա-Բիսաուի նախագահների հանդիպումը: Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ Ումարու Շիսոկու Էմբալոն աֆրիկյան առաջին ղեկավարն է, որը փետրվարի 24-ից հետո այցելել է Ուկրաինա:
Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են պարենային ճգնաժամը հաղթահարելու Ուկրաինայի ջանքերը, ինչպես նաև աֆրիկյան երկրների և Կիևի միջև տնտեսական գործակցության հեռանկարները:
Նշվում է նաև, որ Գվինեա-Բիսաուի նախագահը Կիև է մեկնել Ռուսաստանի նախագահի հետ ավելի վաղ կայացած հանդիպումից հետո և Զելենսկուն է փոխանցել Վլադիմիր Պուտինի ուղերձն այն մասին, որ վերջինս պատրաստ է բանակցել Ուկրաինայի նախագահի հետ:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է այս հայտարարությանը՝ նշելով, որ Պուտինը Զելենսկուն ուղերձ չի հղել Գվինեա-Բիսաուի նախագահի միջոցով: «Աֆրիկյան պետության մեր գործընկերը ցանկություն է հայտնել՝ փոխանցելու Պուտինի դիրքորոշումը ուկրաինական կողմին»,- նշել է Պեսկովը։