Եվրոպական միգրացիոն ցանցի (EMN/ԵՄՑ) ղեկավար կազմի 34-րդ նիստի շրջանակում այսօր Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ստորագրեց Եվրոպական միգրացիոն ցանցին դիտորդի կարգավիճակով միանալու վերաբերյալ փաստաթուղթ։
Կազմակերպությունը Եվրոպական միությունում միգրացիայի և ապաստանի ոլորտին առնչվող քաղաքականության մշակմանն աջակցելու նպատակով համագործակցում է նշված ոլորտներում գործունեություն ծավալող ԵՄ անդամ պետությունների և պատկան մարմինների հետ։
Ցանցի խորհրդի՝ 2008 թ. որոշմամբ՝ կազմակերպության նպատակ է սահմանվել միգրացիայի և ապաստանի ոլորտների ինստիտուտների և անդամ երկրների իշխանությունների տեղեկատվական կարիքները բավարարելը և անաչառ, արժանահավատ, թարմ և համադրելի տեղեկատվություն ապահովելը։ Այն նաև կոչված է վստահելի տեղեկությունների աղբյուր հանդիսանալու հանրության լայն շերտերի համար:
Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրեն Մոնիկ Պարիան նշեց, որ Եվրոպական միգրացիոն ցանցի դիտորդ երկրների ցանկն ընդլայնվում է, ինչն ուրախալի է, քանի որ նոր միգրացիոն իրադրության պայմաններում հնարավոր է դառնում միգրացիայի արդյունավետ կառավարմանն ուղղված մոտեցումների որդեգրումը։ «ԵՄՑ մանդատը ծածկում է միգրացիայի կառավարման ոլորտի բոլոր կողմերը, այդ թվում՝ ԵՄ առաջնահերթությունները, և այս ոլորտում բարեհաջող համագործակցությունը կբարձրացնի ապագա միգրացիոն հոսքերի կառավարման արդյունավետությունը»,- նշեց նա։
ՄԾ պետ Ա․ Ղազարյանը նշեց, որ միգրացիայի ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցությունը ակտիվ է և բազմակողմ, և Հայաստանի կառավարության համար միգրացիոն հարցերով սերտ հագաործակցությունը ԵՄ-ի հետ առաջնահերթություն է։
«Նշված փորձառության և դրա դրական ազդեցության հիման վրա Հայաստանը փորձում է լրացուցիչ ուղիներ գտնել ԵՄ-ի հետ հարաբերությունների և համագործակցության բարելավման համար։ Այս համատեսքտում կարևոր է համագործակցությունը Եվրոպական միգրացիոն ցանցի հետ»,- նշեց նա՝ հավելելով, որ ԵՄՑ-ին միանալը արդիական, հավաստի, օբյեկտիվ և համադրելի տեղեկատվություն ստանալու հնարավորություն է ընձեռում, որը արժեքավոր կլինի Հայաստանի բոլոր շահագրգիռ կողմերի համար, այն հասանելի կդարձնի ԵՄ ողջ փորձագիտական պրակտիկան միգրացիայի և ապաստանի վերաբերյալ:
«Մեր անդամակցությունից կշահի ոչ միայն Հայաստանը, այլև ԵՄ-ն. ոչ ԵՄ անդամ երկրի տրամադրած լրացուցիչ տվյալները կարող են նպաստել միգրացիայի և ապաստանի մարտահրավերներն ավելի լավ հասկանալուն, հատկապես ԵՄ-ի արևելյան հարևանության տարածաշրջանի վերաբերյալ»,- նկատեց Արմեն Ղազարյանը։