Կառավարությունը վերանայեց սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում ընդգրկված՝ սեյսմիկ տեսանկյունից առավել վտանգավոր առկա դպրոցների ցանկը՝ հաշվի առնելով պետական բյուջեի և այլ գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ արդեն իսկ կառուցված, վերակառուցված կամ հիմնանորոգված կրթօջախները:
«2014-2015 թվականներին տեղի է ունեցել Հայաստանում ընդհանուր դպրոցների շենքերի ուսումնասիրություն: 437 շենք առանձնացվել է, որ ունեն սեյսմիկ խնդիրներ, վերանորոգման, ամրացման կարիք կա: Այս տարիներին իրականացված ծրագրերով այդ 437 դպրոցից 63-ում տեղի է ունեցել շինարարություն, մեծ մասն ավարտված է: Եվս 6 դպրոց այսօր որպես դպրոց չեն ծառայում, դրանք կա՛մ միավորվել են, կա՛մ այլ գործընթաց է տեղի ունեցել:
Այսինքն՝ այս որոշմամբ այդ 437-ի ցանկից հանում ենք այն դպրոցները, որոնք այլևս սեյսմիկ չեն, քանի որ նոր շենքեր ենք կառուցել, դրանք ամբողջովին նոր դպրոցներ են»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր խոսքում ընդգծեց, որ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը 337-ից ավելի դպրոց և 521 մանկապարտեզ է կառուցվելու:
«2023 թվականի հունվարի 1-ին մենք շահագործման կհանձնենք 24 դպրոց և 53 մանկապարտեզ»,- ասաց Փաշինյանը: