Շուրջ 2,1 միլիարդ դրամի գույք ու մոտ 170 միլիոն դրամ. ըստ դատախազության՝ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գույքն ապօրինի ծագում ունի և ենթակա է բռնագանձման:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Համլետ Հարությունյան - Օրինական եկամուտներով չհիմնավորվող գույքերի առնչությամբ նախնական ապահովման միջոցներ կիրառելու դիմումներ են ներկայացվել դատարան, դատարանի որոշմամբ Վլադիմիր Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց արգելվել է մի շարք անշարժ և շարժական գույքերի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարում:
Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության բռնագանձել Ֆ/Ս 4 անշարժ գույք Երևանում՝ մեկ բնակելի տուն, 2 բնակարան և մեկ ավտոտնակ, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում՝ արտադրական նշանակության 1 անշարժ գույք, 1 բնակելի տուն և 1 հողամաս, 3 տրանսպորտային միջոց: Անհնարինության դեպքում բռնագանձել անշարժ և շարժական գույքի շուկայական արժեքը, որը կազմում է ավելի քան 2 միլիարդ 135 միլիոն դրամ:
Համլետ Հարությունյան - Դրանից բացի՝ ներկայացվել է շուրջ 169 միլիոն դրամի չափով գումարի բռնագանձման պահանջ, որը կազմում է ապօրինի գույքի օգտագործումից ստացված եկամուտների և օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախսերի հանրագումարը, ինչպես նաև շուրջ 5 միլիոն 234 հազար ռուբլի չափով ավանդի և դրա վրա հաշվարկված տոկոսագումարի բռնագանձման պահանջ:
Հայցադիմումը դատարանն ընդունել է վարույթ, այժմ նախնական դատական նիստերի փուլն է:
Համլետ Հարությունյան - Ուսումնասիրվող ժամանակահատվածում Վլադիմիր Գասպարյանը և նրա հետ փոխկապակցված անձինք ստացել են օրինական շուրջ 204 միլիոն 737 հազար դրամի եկամուտ, նույն ժամանակահատվածում կատարված միայն ծախսերը կազմել են շուրջ 241 միլիոն դրամ: Այսինքն՝ զուտ ծախսերը արդեն իսկ գերազանցել են ստացված օրինական եկամուտները և, իհարկե, կատարված ծախսերից բացի՝ ձեռք են բերվել մի շարք անշարժ և շարժական գույքեր»:
Վլադիմիր Գասպարյանը բարձր պաշտոններ է զբաղեցրել 18 տարի։ Ոստիկանապետ է եղել 7 տարի:
Համլետ Հարությունյան - Դիտարկվել են բոլոր հնարավոր ժամանակահատվածներում ստացված եկամուտները, բայց մեծամասամբ խոսքը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ Վլադիմիր Գասպարյանը զբաղեցրել է պաշտոններ, և այդ ընթացքում էլ ձեռք են բերվել այդ գույքերը»:
Դատախազի խոսքով՝ կան տվյալներ, որ փոխկապակցված անձանց ձեռք բերած գույքը հետագայում անհատույց անցել է նախկին ոստիկանապետին:
Համլետ Հարությունյան - Ընդ որում՝ հատկանշական է, որ մեր ուսումնասիրությամբ պարզված տվյալների համաձայն՝ այդ փոխկապակցված անձինք էլ ի սկզբանե գույքը ձեռք բերելու բավարար միջոցներ չեն ունեցել: Նման մի շարք փաստերի համադրությամբ վարչությունը հիմք է ունենում պնդելու, որ թեկուզ և գույքը ի սկզբանե ձեռք է բերվել այլ անձի անունով, սակայն ի սկզբանե դրա իրական շահառու հանդիսացել է տվյալ անձը»:
Նախկին ոստիկանապետին և նրա հետ փոխկապակցված անձանց հնարավորություն է տրվել ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներին և ներկայացնելու իրենց դիրքորոշումը, սակայն ըստ դատախազի՝ վարչության կողմից ապօրինի գնահատված գույքերի ձեռքբերման օրինականությունը հիմնավորող որևէ տվյալ չի ներկայացվել:
Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը «Լուրերի» հետ զրույցում ասաց՝ այս փուլում մեկնաբանություն չեն տալիս:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան