Ընթացիկ տարում մեծացել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու նպատակով օտարերկյա պետություններում գտնվող Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններ դիմողների քանակը, ինչով պայմանավորված՝ դեսպանություններում և հյուպատոսական ծառայություններում կատարվում է քաղաքացիների էլեկտրոնային հերթագրում։ Կտրուկ աճ է նկատվում հատկապես ՌԴ-ում, որտեղ ՀՀ քաղաքացիություն հայցող անձանց թիվը սկսել է աճել փետրվար ամսից՝ ասում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսը:
Գայանե Մկրտչյան (ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոս, առաջին քարտուղար) - Եթե նախորդ տարի ՌԴ-ում ՀՀ դեսպանություն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել էր 290 անձ, ապա այս տարի արդեն նոյեմբեր ամիսը դեռ չբոլորած` մենք ունենք 2000-ից ավել դիմում մինչև մայիս ամիս: Աճը կարող է պայմանավորված լինել Ռուսաստանի՝ Ուկրաինայում հատուկ գործողությամբ նաև:
Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում պարզեցված կարգով Հայաստանի քաղաքացիություն կարող են ստանալ ծագումով հայերը, անձինք, ովքեր ունեն Հայաստանի քաղաքացիություն ունեցող զավակ կամ ամուսին, որի հետ առնվազն 2 տարի գտնվում են օրինական ամուսնության մեջ, ընդ որում՝ 1 տարին բնակվել են Հայաստանում:
Քաղաքացիության մասին օրենքում նախորդ տարի կատարված փոփոխություններից հետո քաղաքացիություն ստանալու գործընթացը բավականին պարզեցվել է՝ ասում է հյուպատոսը:
Գայանե Մկրտչյան - Եթե նախկինում քաղաքացին սպասում էր մինչև 6 ամիս, ապա հիմա՝ 3 ամիս, 15 օր, դրանից հետո անձնագրավորման գործընթացն է այդ նույն փոփոխություններով, անձնագիրը ստանում են այստեղ, ինչը աննախադեպ է, նախկինում պետք էր Հայաստան մեկնել դրա համար:
Հունիսի 25-ից սկսած` Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձինք կարողանում են դիմել նաև անձնագիր ստանալու համար: Շուրջ 500 դիմողից առաջին 3 տասնյակին ՀՀ անձնագրերը հանձնվում են հանդիսավոր կերպով:
Արսեն Առաքելյան (ՌԴ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ) - Այս ընթացակարգը, որը մշակվել է տարիների ընթացքում, փաստում է ՀՀ կառավարության ստանձնած պարտավորությունը՝ աջակցել ամեն գնով մեր աշխարհասփյուռ հայությանը, ամուր կապը հայրենիքի հետ...
Ռուբեն Մարգարյանն արդեն տասը տարի ղեկավարում է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի կենտրոնական կրոնական կազմակերպության անվճար իրավաբանական օգնության կենտրոնը: Հազարավոր հայերի է հասցրել օգնել, ներկայացրել իր պաշտպանյալների շահերը նաև մի շարք աղմկահարույց գործերով, ինչպիսիք են՝ Հրաչյա Հարությունյանի, բարերար Լևոն Հայրապետյանի գործերը: Երկար տարիներ գործունեություն ծավալող իրավապաշտպանը որոշել է ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն՝ մայր հայրենիքին ավելի մոտ և առավել օգտակար լինելու համար:
Ռուբեն Մարգարյան (ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի կենտրոնական կրոնական կազմակերպության անվճար իրավաբանական օգնության կենտրոնի ղեկավար) - Ժամանակի ընթացքում ստացվեց այնպես, որ մայր Հայաստանին օգնելու համար անհրաժեշտ եղավ պաշտոնականացնել հայրենիքի հետ վաղուց գոյություն ունեցող հարաբերությունները։ Ես արդեն 25 տարի է, ինչ Մոսկվայի, Բեռլինի փաստաբանական պալատներում եմ, միջազգային մեծ փորձ ունեմ, պրոֆեսոր եմ Ռուսաստանի երկու համալսարաններում: Եվ հիմա այն, որ ես պահանջված եմ Հայաստանում, շատ կարևոր է ինձ համար։ Հիմա ավելի շատ օգուտ կտամ իմ երկրին, քան 20 տարի առաջ:
Մոսկվայի միջազգային հարաբերությունների ուսանողուհի Իրինան չնայած ծնվել և մեծացել է Մոսկվայում, բայց սովորել է մայրենի լեզուն ու հայրենիքի հետ կապված պլաններն իրականացնելու համար առաջին քայլն արել՝ ստացել է Հայաստանի անձնագիր:
Իրինա Հակոբյան (ուսանողուհի) - Զգում եմ հպարտություն, որովհետև դա շատ սպասված ու գիտակցված քայլ էր իմ կյանքում: Շատ ուրախ եմ: Հաճախ եմ տարվա ընթացքում մեկնում Հայաստան, ցավոք` դեռ կարճատև, քանի որ դեռ ուսանող եմ, բայց հուսամ, որ դառնալով ՀՀ քաղաքացի, մեր կապերը կդառնան ավելի սերտ, և ես կկարողանամ օգտակար լինել հայրենիքիս:
ՌԴ-ում ՀՀ դեսպանության շքասրահում ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց երդման հանդիսավոր արարողությանը Հայաստանի նոր քաղաքացիները երդվում են հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետությանը, պահպանել Սահմանադրությունն ու օրենքները, պաշտպանել Հայաստանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև պարտավորվում են հարգել պետական լեզուն, ազգային մշակույթն ու սովորույթները։ Ընթերցվեց քաղաքացիության շնորհման վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագիրը, այնուհետև հնչեց Հայաստանի պետական օրհներգը:
Միջոցառման ավարտին դեսպանության հյուպատոս Գայանե Մկրտչյանը, շնորհավորելով ներկաներին, հանձնեց նրանց Հայաստանի քաղաքացու անձնագրերը։