Մի ձեռքում Հայաստանի ՄԻՊ գասենյակի արտահերթ զեկույցն է, մյուսում՝ ֆրանսիացի հայտնի փաստաբան Ժան-Կլոդ Բաղալի անվան մրցանակը: Մոնպելիե քաղաքի փաստաբանների պալատի ղեկավարը Արտակ Զեյնալյանին պարգևատրում է Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տարիների աշխատանքի համար:
Արտակ Զեյնալյան (փաստաբան) - Այս մրցանակը ոչ միայն իրավունք է, այլև պատասխանատվություն, պարտավորություն՝ պաշտպանելու այն և փոխանցելու հաջորդներին, որպեսզի այս արժեքը չստվերվի:
Մոնպելիեի փաստաբանների պալատը ուսումնասիրել է Զեյնալյանի գործունեությունը, կարևորել հատկապես Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական այլ անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարված աշխատանքը: Ժան-Կլոդ Բաղալի անվան մրցանակը անցյալ տարի տրվել էր Բեյրութի պայթյունի հետաքննությունը իրականացրած փաստաբանական խմբին, երկրորդը հայ փաստաբանինն է:
Ամին Ֆարաժ (Մոնպելիեի փաստաբանների պալատին կից Մարդու իրավունքների ինստիտուտի նախագահ) - Հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը շատ կարևոր է, ի դեպ, պետք է ընդգծեմ, որ նրանց որպես ռազմագերի չեն ճանաչում Ադրբեջանում: Այստեղ շատ աշխատանք կա կատարելու, և մենք դիմել ենք ֆրանսիացի մեր գործընկերներին, և պետք է ուրախությամբ նշեմ, որ մոտ 100 փաստաբան պատրաստ է ստանձնելու Բաքվում պահվող հայ ռազմագերիների շահերի պաշտպանությունը:
Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունից մինչև սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքները, ՄԻՊ գրասենյակի վերջին արտահերթ զեկույցները ֆրանսիացի փաստաբանները ավելի վաղ քննարկել են Քրիստիննե Գրիգորյանի հետ:
Նիկոլա Բդել դը Բյուզառենգ (Մոնպելիեի փաստաբանների պալատի ղեկավար) - Ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանի ՄԻՊ գրասենյակը բավական մեծ ծավալի աշխատանք է կատարում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, քան, օրինակ՝ Ֆրանսիայինը: ՄԻՊ գրասենյակի հրապարակած այս զեկույցը վաղուց սպասված էր մեզ համար. այն բոլոր ապացույցներով՝ փաստական տվյալներով, լուսանկարներով, ներկայացնում է մարդու իրավունքների կոպտագույն խախտումները:
Ադրբեջանական վերջին հարձակման հետևանքով, Արտակ Զեյնալյանի խոսքով՝ 17 հայ զինծառայող է գերեվարվել, փաստը Ադրբեջանը չի վիճարկել, 29 հոգի անհետ կորած է համարվում, որոնց մասին Բաքուն ոչ մի խոսք չի ասում:
Արտակ Զեյնալյան - Նրանց մի մասի մասին կան ապացույցներ, որ նրանք ողջ վիճակում եղել են Ադրբեջանի իրավազորության տիրույթում, այսինքն՝ ունեցել են գերու կարգավիճակ: Սակայն նրանք այս կամ այն կերպ սպանվել են, զրկվել են կյանքից: Նրանց մի մասի աճյունները հանձնվել են, մի մասի մասին տեղեկություններ չկան:
Ֆրանսիացի փաստաբանները Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի ապացույցները, հայ զինծառայողների խոշտանգման դեպքերը՝ ՄԻՊ գրասենյակի արտահերթ հրապարակային և փակ զեկույցներով կփոխանցեն Ֆրանսիայի դատական ատյաններին և միջազգային մամուլին: