ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է. ՊԵՍԿՈՎ
Կրեմլը հուսով է, որ մոտ ապագայում Ռուսաստանում կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը՝ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պոսկովը:
Դմիտրի Պեսկով (ՌԴ նախագահի խոսնակ) - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նախապատրաստական փուլում է։ Վայրի և ժամկետների մասին լրացուցիչ կտեղեկացնենք։
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՆԱԼԻՆ Է. ՓՐԱՅՍ
Եռակողմ հանդիպում անցկացնելու Վլադիմիր Պուտինի առաջարկին անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։ Նա ընդգծել է՝ Երևանը և Բաքուն պետք որոշեն՝ արդյոք ՌԴ նախագահի հրավերն օգտակար կլինի՞ տևական խաղաղության հասնելու հարցում:
Փրայսն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին երկու երկրի ղեկավարների ուղիղ երկխոսությունն է։
Նեդ Փրայս (ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ) - Հավատարիմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Երկու ղեկավարներին էլ կոչ ենք արել հանդիպել իրենց հարմար ցանկացած ձևաչափով։ Երկխոսությունը խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է։ Հենց այդ պատճառով պետքարտուղար Բլինքենը սեպտեմբերին Նյու Յորք հրավիրեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին:
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանության ու անկախության հարցում ամենամեծ աջակցությունը ցուցաբերում է Վաշինգտոնը:
Նեդ Փրայս - 1991 թվականին Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի անկախության վերականգնումը կարևոր իրադարձություն էր, որը երաշխավորեց այդ երկրներից յուրաքանչյուրի իրավունքը՝ Մոսկվայից կամ որևէ այլ երկրից անկախ ձևավորելու իր արտաքին քաղաքական շահերը:
Նա հերքել է ռուսական կողմի պնդումներն այն մասին, թե ԱՄՆ-ը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում ինքնագովազդով է զբաղվում։ Փրայսը վստահեցրել է՝ Վաշինգտոնի միակն նպատակն է օգնել Բաքվին և Երևանին՝ հասնելու համապարփակ և կայուն խաղաղության, ինպես նաև փրկել կյանքեր։
ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԵՆՔ. ՌԵԶՆԻԿՈՎ
Ուկրաինայի հարավում երկրի զինված ուժերի առաջխաղացումը դանդաղել է անձրևոտ եղանակի պատճառով, սակայն չի դադարել՝ տեղեկացրել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը:
«Մեր գերակա խնդիրն էր կասեցնել ռուսական կողմի առաջխաղացումը, այնուհետև կայունացնել առաջնագիծը: Այժմ հակահարձակման երրորդ փուլում ենք»,- նշել է նա։
Ռեզնիկովը հույս է հայտնել, որ Ուկրաինայի զինված ուժերը մինչև ձմեռ որոշակի արդյունքների կհասնեն։
ԻՐԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ
Թեհրանը պատժամիջոցներ է կիրառել Եվրամիության հետ կապ ունեցող 12 ֆիզիկական անձի և 8 կազմակերպության նկատմամբ՝ ի պատասխան Իսլամական Հանրապետության դեմ սահմանափակումների՝ տեղեկացրել են Իրանի արտգործնախարարությունից։
Պատժամիջոցների ցանկում ներառվել են նաև գերմանական Deutsche Welle մեդիա ընկերության պարսկական խմբագրությունը, ֆրանսիական Radio France internationale ռադիոկայանը և գերմանական Bild թերթի գլխավոր խմբագիրները։
Արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն էլ հավատացրել է, որ Թեհրանի դիրքորոշումն ուկրաինական հակամարտության հարցում չի փոխվի՝ Իրանը միշտ դեմ է եղել հակամարտող կողմերին զենք մատակարարելուն՝ չնայած Արևմուտքը մեղադրում է Թեհրանին Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր տրամադրելու համար:
ՉԺՀ-Ն ՉԻ ԽՈՍՏԱՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒԺ ՉԿԻՐԱՌԵԼ ԹԱՅՎԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Չինաստանի իշխանությունները չեն կարող խոստանալ, որ Թայվանի վերամիավորման համար ռազմական ուժ չեն կիրառի՝ հայտարարել է Չինաստանի Պետխորհրդի Թայվանի հարցով գրասենյակի խոսնակ Մա Սյաոգուանը։
«Չինաստանն իրեն իրավունք է վերապահում Թայվանի հետ վերջնական վերամիավորման նպատակով գործի դնելու անհրաժեշտ բոլոր միջոցները»,- ընդգծել է նա։
Սյաոգուանը, այնուհանդերձ, ընդգծել է՝ Պեկինը ցանկանում է առկա խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով և հավատարիմ է «մեկ երկիր՝ երկու համակարգ» սկզբունքին։