Ֆրանսիայից ժամանած փաստաբանական խումբը Սոթք համայնքում է: Այստեղ սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերի հրթիռակոծության հետևանքով 155 տուն է վնասվել: Դրանցից մի քանիսի ավերակներն ուսումնասիրում են փաստաբանները՝ նաև այն Ֆրանսիայի համայնքին ներկայացնելու համար:
Սեպտեմբերի 13-ի լայնածավալ հարձակումից հետո Ադրբեջանի հասցրած վնասներն այս ընթացքում ճշտվել են, գույքագրումից հետո Սոթքում ավերված տների թիվը ավելացել է 7-ով:
Ամին Ֆարաժ (Մոնպելիեի փաստաբանական պալատին կից Մարդու իրավունքների ինստիտուտի նախագահ) - Եթե այստեղ ռազմական բազաներ չկային, ինչո՞ւ թիրախավորվեց խաղաղ բնակչությունը:
Սևակ Խաչատրյան (Սոթք համայնքի վարչական ղեկավար) - Խոսքը թուրքին ա վերաբերում, ու ինքը ուզում ա մարդկանց տարհանի, բայց ի զարմանս իրա ու հուրախություն մեզ՝ մեր բնակիչները կանգուն են, էստեղ են մնալու ու էստեղ ապրելու: Էստեղից հետքայլ չունենք, էստեղ ենք ապրելու:
Այսպես փաստաբանական թիմը տնից տուն արձանագրում է, լուսանկարում, ճշտում՝ վերադարձողների թվից մինչև վառելափայտ ունենալ-չունենալը:
Սևակ Խաչատրյան - Այս պահին առաջնայինը իմ համար, որ մարդկանց բնակարանները վերանորոգվեն, որ մարդիկ վերադառնան գյուղ: Բնակչության բավականին մեծ տոկոս ա վերադարձածների թիվը, զբաղվում են գյուղատնտեսությամբ, էս պահին իրենց բերքն են հավաքում՝ կարտոֆիլ, ցորենի ցանքս ենք սկսել Սոթքում արդեն մեծ հեկտարով:
Փաստաբանական խմբի Սոթք այցի նպատակը Հայաստանի ժողովրդին, կառավարությանը աջակցելն է այս դժվարին ժամանակաշրջանում՝ մանրամասնում է ֆրանսահայ փաստաբանը:
Նաիրա Զորոյան (Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի փաստաբանական պալատի փաստաբան) - Մեր պալատը առաջիններից է եղել, բանաձև է ընդունել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունները դատապարտելու մասին, ինչպես նաև Ժնևի կոնվենցիայի դրույթների ոտնահարման մասին:
Գրետա Մելքումյան (Սոթքի բնակիչ) - Մի տեսեք՝ տատի տունն ի՛նչ են արել, էստեղ եմ քնելիս եղել, իմ կռավաթը ստեղ ա եղել, լոխ փշրվել ա:
Փաստաբանական խմբին տան ավերակներն է ցույց տալիս 82-ամյա Գրետա Մելքումյանը, պատմում սեպտեմբերի 13-ի գիշերվա սարսափը:
Ֆրանսիացի փաստաբանները հուզմունքը թաքցնել չեն կարողանում: Իրենց տեսածն ու արձանագրածը կարճ բնորոշում են՝ պատերազմական հանցագործություն:
Նիկոլա Բդել դը Բյուզառենգ (Մոնպելիեի փաստաբանական պալատի ղեկավար) - Իրավիճակը իրականում շատ ծանր է, կանայք թողել են բնակավայրը, երեխաները դպրոց չեն գնում, տները հրթիռակոծված են, այս ամենը մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում է: Մարդիկ կույր չեն, ամեն ինչ տեսնում են:
Ամին Ֆարաժ - 21-րդ դարում ռմբակոծել և սպանել մարդկանց՝ անընդունելի է: Ցավոք, միջազգային մամուլի ուշադրությունը Ուկրաինայի ուղղությամբ է, իսկ այստեղ դրա նման մի կարևոր կոնֆլիկտ է, որի մասին շատ քիչ են խոսում: Ֆրանսիա հասնելուն պես ես այս ամբողջ իրավիճակը ներկայացնելու եմ:
Արկերի բեկորները՝ որպես իրեղեն ապացույց, փաստաբանական խումբն իր հետ է վերցնում: Այժմ՝ հրթիռակոծությունից մեկուկես ամիս անց, Սոթքը մաքրվել է այսպիսի հազարավոր բեկորներից, գույքագրումից հետո բնակավայրում շինարարական աշխատանքներ են, մանկապարտեզն արդեն բացվել է, իսկ դպրոցը, որն Ադրբեջանի զինված ուժերի թիրախում էր հայտնվել, աշնանային արձակուրդից հետո կբացվի: Գրետա տատն էլ անհամբեր է, թե երբ են իր տունն էլ վերանորոգելու. դժգոհեց ֆրանսիացի փաստաբաններին, իսկ հրաժեշտից առաջ լուսանկարվեցին՝ փաստաբանների առաջարկությամբ:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան