Պետական եկամուտներին կոմիտեից հայտնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2022 թ. հոկտեմբերի 1-ից կամերալ արձանագրությունները, ստուգումների և ուսումնասիրությունների նյութերը հարկ վճարողներին ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի անձնական գրասենյակում:
Միաժամանակ, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանվել է հարկային ուսումնասիրության նոր` «Թեմատիկ ուսումնասիրություն» տեսակ, որի իրականացման համար հիմք կարող են հանդիսանալ բացառապես կամերալ ուսումնասիրության՝ հաստատապես հայտնի հարկվող գործարքների վերաբերյալ արդյունքները: Ընդ որում, հարկ վճարողներին անհարկի չանհանգստացնելու նպատակով սահմանվել է, որ թեմատիկ ուսումնասիրության հանձնարարագիր կարող է հրապարակվել ոչ ավելի, քան յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում մեկ անգամ, և հարկ վճարողը նախապես ծանուցվելու է հարկվող գործարքներին վերաբերող կամերալ ուսումնասիրության արդյունքներին:
Այսուհետ թեմատիկ ուսումնասիրությամբ հարկային մարմինը լիազորվել է բացառապես կամերալ ուսումնասիրության արդյունքների հիման վրա հարկային հաշվարկներ չներկայացրած կամ թերի ներկայացրած հարկ վճարողների մոտ իրականացնել ուսումնասիրություն և դրա արդյունքում առաջադրել չհայտարարագրած հարկային պարտավորություններ: Հարկային ուսումնասիրության այս տեսակը կօժանդակի վերհանել կարգազանց տնտեսավարողներին` ապահովելով հավասար գործարար միջավայր տնտեսվարողների համար:
Հաշվի առնելով, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում, հոկտեմբերի 1-ից թեմատիկ ուսումնասիրությունների արդյունքները հարկ վճարողներին ծանուցվելու են էլեկտրոնային եղանակով և էլեկտրոնային էջում տեղադրվելուց հետո համարվելու են պատշաճ հանձնված, ուստի հետագա տուգանքներից խուսափելու համար կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին ավելի հաճախ ստուգեն իրենց անձնական էջում տեղադրվող փաստաթղթերը և պատշաճ արձագանքեն դրանց:
Միաժամանակ, հարկ վճարողները հնարավորություն ունեն մուտքագրելու էլեկտրոնային փոստի հասցեները, որոնց միջոցով նույնպես կիրազեկվեն անձնական էջում տեղադրված ստուգումներին և ուսումնասիրություններին վերաբերող փաստաթղթերի վերաբերյալ։