Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է պաշտոնական այցով Լոռու մարզ ժամանած ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Հանդիպմանը ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, խորհրդական Տիգրան Հովսեփյանը,Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանը, մարզպետարանի այլ պատասխանատու պաշտոնյաներ: Այդ մասին հայտնում են Լոռու մարզպետարանից:
Մարզպետ Արամ Խաչատրյանը ողջունել է դեսպանի այցը Լոռու մարզ:
«Հարգելի պարոն դեսպան, մեզ համար շատ կարևոր է հայ-չինական դարավոր բարեկամությունը և բազմոլորտ համագործակցությունը: Ինչպես գիտեք, դեռևս 2011 թ. ՀՀ Լոռու մարզի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանսի նահանգի միջև ստորագրվել է բարեկամական կապերի վերաբերյալ հուշագիր և առևտրատնտեսական համագործակության մասին արձանագրություն: Վանաձոր համայնքն իր հերթին բարեկամական կապեր ունի Ցյուիչ Ժոու քաղաքի հետ: Այս տարիների ընթացքում երկու ժողովուրդների միջև բարեկամության և բարիդրացիության վաղեմի ավանդույթը ամուր հիմք է հանդիսացել փոխըմբռնման, քաղաքական փոխգործակցության և երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար, օգնել հաղթահարելու բազմաթիվ փորձություններ»,- ասել է մարզի ղեկավարը և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ:
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ հմայված է մարզի և Վանաձորի գեղեցկությամբ:
Նա իր խոսքում ևս կարևորել է հայ-չինական դարավոր բարեկամությունը, որը հազարամյակների պատմություն ունի. «Թեև մեր պետությունների դիվանագիտական հարաբերությունները 30 տարվա պատմություն ունեն, և այդ հոբելյանը մենք նշում ենք այս տարի, բայց մեր երկրները և ժողովուրդները հազարամյակների բարեկամությամբ են կապված:
Մենք համագործակցում ենք առևտրաարդյունաբերության, զբոսաշրջության, կրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում և մեծ ցանկություն ունենք ընդլայնելու համագործակցությունը: Մենք գիտակցում ենք, որ այժմ Հայաստանը գտնվում է դժվարին իրավիճակում: Այսպիսի դժվարին դրության մեջ է եղել նաև Չինաստանը, բայց կարողացել է հաղթահարել և մեծ զարգացում ապրել:
Մենք վստահ ենք, որ Հայաստանը նույնպես կկարողանա միասնականության շնորհիվ հաղթահարել ցանկացած դժվարություն և առաջ շարժվել: Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը պատրաստ է աջակցելու, օգնելու բարեկամ ժողովրդին՝ զարգանալու սեփական երկրի առանձնահատկություններին համապատասխան: Մենք միշտ Հայաստանի կողքին ենք»:
Կողմերը մասնավորապես անդրադարձել են առևտրաարդյունաբերության, զբոսաշրջության և կրթության ոլորտներում համագործակցությունն առավել սերտացնելու անհրաժեշտությանը, մասնավորապես կարևորվել է զբոսաշրջային խմբերի ուղղորդումը, կրթական տարբեր ծրագրերի շրջանակներում ուսանողների և աշակերտների փոխանակումը և այլն:
Նրանք նաև հուշանվերներ են փոխանակել: