ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել 2022 թվականին հանրային գրադարանի կարգավիճակ ստացած 5 գրադարանների հավատարմագրման վկայականների հանձնման արարողությունը:
ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի հուլիսի 7-ի N 1245-Ա հրամանով 5 տարի ժամկետով հանրային գրադարանի կարգավիճակ են ստացել Երևանի «Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան», «Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ», ՀՀ Արարատի մարզի «Արտաշատի քաղաքային գրադարան», Տավուշի մարզի «Դիլիջանի գրադարանների կենտրոնական գրադարան» և Լոռու մարզի «Սպիտակի քաղաքային գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները:
Վկայականները հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Նախարարի տեղակալը շնորհավորել է հանրային գրադարանի կարգավիճակ ստացած գրադարանների պատասխանատուներին՝ ընդգծելով, որ հավատարմագրման վկայականները որակի հաստատումներն են, որով փաստվում է տվալ կառույցի, հաստատության առաջընթացը, պրոֆեսիոնալիզմն ու պատասխանատվությունը:
«Հավատարմագրերի հետ մեկտեղ գրադարաններին կփոխանցենք նաև համակարգիչներ, սակայն կցանկանայի, որ պետական աջակցությունը միայն այսքանով չամփոփվի և աջակցությունը տվյալ գրադարաններին լինի շարունակական»,- նշել է Արա Խզմալյանը՝ շնորհակալություն հայտնելով գրադարանային ոլորտի մասնագետներին բարձր պրոֆեսիոնալիզմի համար:
ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է համայնքային գրադարանների հավատարմագրման գործընթաց: 2013-2022 թթ. հավատարմագրվել և հանրային գրադարանի կարգավիճակ է ստացել համայնքային և պետական 55 գրադարան:
Նախարարությունը հավատարմագրման գործընթացին զուգահեռ իր ծրագրերով նպաստում է նաև գրադարանների նորացմանը և արդիականացմանը: ՀՀ մարզերում արդեն իսկ իրականացվել են հավատարմագրված 45 համայնքային գրադարանների և նախարարության ենթակայության 12 գրադարանների արդիականացման և տեխնիկական վերազինման աշխատանքները:
Ծրագրի շահառու դառնալու նպատակով՝ սահմանված կարգով (ՀՀ Կառավարության «Հանրային գրադարանների հավատարմագրման կարգը և վկայականի ձևը սահմանելու մասին» N 187-Ն որոշում) գրադարանները կարող են դիմել և ստանալ հանրային գրադարանի կարգավիճակ: