ԱԺ միջանցքներում լրագրողներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարց են ուղղել Միգրացիայի և քաղաքացիության հարցերով Ռուսաստանի Պետդումայի հատուկ ներկայացուցիչ, Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինի՝ Հայաստան մուտքը անցանկալի լինելու մասին:
«Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և Հայաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած, հայտարարություն արած յուրաքանչյուր անձ, անկախ նրանից՝ որևէ այլ երկիր կներկայացնի՞, թե՞ ոչ, Հայաստանը դրան չի կարող անտարբեր լինել, Հայաստանի սահմանները մեզ համար կարմիր գիծ են: Բոլոր ընկերները, գործընկերները պետք է հաշվի նստեն այդ իրողության հետ»,- ասաց Սիմոնյանը:
Հիշեցնենք՝ ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին՝ հաղորդելով, որ նրա մուտքը Հայաստանի Հանրապետություն անցանկալի է:
Գրության մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության դեմ Զատուլինի վերջին հայտարարությունները վնասում են պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։
Ի պատասխան լրագրողների հարցերի, որոնք վերաբերում էին Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան ցանկալի չլինելուն, ԱԺ նախագահը նշեց, որ Մարգարիտա Սիմոնյանի հայտարարություններին ծանոթ չէ:
«Բայց չեմ բացառում, որ թե՛ ինքը, թե՛ իր ամուսինը, թե՛ հայկական ազգանունով տարբեր երկրների գործակալներ և մանկուրտներ անհարգալից վերաբերմունք կդրսևորեն Հայաստանի անկախության նկատմամբ»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ Մարգարիտա Սիմոնյանը Telegram-ի իր ալիքում տեղեկացրել էր՝ իր մուտքը Հայաստան ցանկալի չէ։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հարցին, Ալեն Սիմոնյանը նշեց, որ Հայաստանը սպասում է ՀԱՊԿ-ի արձագանքին:
«Արձագանքն առնվազն այս փուլում պետք է լինի քաղաքական: Հետագայում, եթե պարզ դառնա, որ ՀԱՊԿ-ը որոշել է դուրս գալ տարածաշրջանից, մենք ուղղակի կարող է փաստի առաջ կանգնենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել: Բայց Հայաստանի իշխանություններում այսօր նման հարց չի քննարկվում: Սպասում ենք գործողությունների: Իրավիճակն այսօր ի ցույց է դնում, որ ժամանակը շատ քիչ է մնացել, որ որոշում կայացնենք, որովհետև Հայաստանի ամենանեղ հատվածը 30 կմ-ի չափ է: Մենք մեզ շատ բան չենք կարող թույլ տալ»,- ասաց Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին մեկնելու է Սոչի:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Ռուսաստան` եռակողմ գագաթնաժողովի մասնակցելու: Այս մասին տեղեկացրել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովան հայտնել էր՝ գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել եռակողմ և երկկողմ հարցերի ողջ շրջանակը: