ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին հարց ուղղեց դրամի արժևորման պայմաններում պետական պարտքի սպասարկման մասին:
«Եթե շարունակվում է դրամի արժևորումը, արդյոք մենք տնտեսական անվտանգության բարձիկների կարիք չե՞նք զգում և արտարժույթի պահուստները չպետք է համալրենք»,- հարցրեց նա:
Տիգրան Խաչատրյանը հիշեցրեց, որ գալիք շաբաթվա սկզբին Կառավարությունն ԱԺ քննարկմանը կներկայացնի «2023 թվականի բյուջեի մասին» օրենքի նախագիծը, հանձնաժողովներում կսկսվեն քննարկումներ, որտեղ մի մեծ հատված նվիրված է մակրոտնտեսական ներկա վիճակի մանրամասն պարզաբանմանը:
«Երբ մենք սկսում էինք «2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի քննարկումները, հիշում եք, թե ինչպիսի ծրագրային նպատակադրումներ էինք բերել ԱԺ: Մասնավորապես նշում էինք, որ 2021 թվականի Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը կազմել է 60.3 տոկոս, և մեր նպատակն էր այս տարեվերջին ունենալ ցուցանիշ, որը մոտ կլիներ 60.2 տոկոսին, այսինքն՝ պարտքի նվազումը դիտարկում էինք որպես միջնաժամկետ նպատակ, բայց չէինք կարող ակնկալել, որ մեկ տարվա կտրվածքով տեղի կունենար այդչափ էական բարելավում:
Տեղի ունեցավ երկու հանգամանք. առաջին՝ որ տնտեսական ակտիվությունն այս տարվա ընթացքում չափազանց տարբերվում է: Մեր տնտեսական ակտիվությունն 9 ամիսների համար հրապարակված է՝ 14.1 տոկոս, և տարեվերջին կունենանք շատ մոտ տնտեսական ցուցանիշ հենց այդ մեծության նկատմամբ: Դա նշանակում է նաև, որ եթե ամեն ինչ մնար նույնը, տարվա ծրագրով նախատեսված նոր պարտք ներգրավելու չափը հաշվի առնելով, պարտքը պետք է լիներ ավելի ցածր, քան 60 տոկոսը, բայց տեղի ունեցավ երկրորդ հանգամանքը՝ դրամի արժևորում հիմնական արտարժույթների նկատմամբ: Եվ քանի որ մեր պարտքի կազմում մեծ տեսակարար կշիռ ունի արտարժութային պարտքը, հիմա այս վերանայված միջավայրում 65 տոկոս է և ավելի ցածր, դրամի արժևորումը բերեց երկրորդ հետևանքը՝ պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ դրական զարգացում է ունեցել ցուցանիշի առումով, և, կարծում ենք՝ այս տարվա ավարտին ցուցանիշը մոտ կլինի 50 տոկոսին: Ռիսկեր չենք նկատում»,- ասաց նախարարը:
Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ թեպետ ռիսկեր չկան, բայց Կառավարությունը յուրաքանչյուր հանգամանք միջնաժամկետում կանխատեսում է, և որոշումները բոլոր իրավիճակների համար են: