Հոկտեմբերի 31-ին Սոչիում եռակողմ հանդիպում անցկացնելու հրավերը եկել է Ռուսաստանի նախագահից՝ խորհրդարանում տեղեկացրեց վարչապետը, նշեց՝ հաստատել է իր մասնակցությունը, բայց տեղյակ չէ՝ արդյոք հաստատում կա՞ Բաքվից: Վերջին անգամ Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը 2021-ի նոյեմբերին էին հանդիպել: Մոտ մեկ տարի ընդմիջումից հետո, վարչապետի խոսքով, այժմ ամենակարևոր ակնկալիքները կապված են այս ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների գնահատականի և մեկնաբանության հետ:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Կարծում եմ, որ կուտակված շատ հարցեր կան, որոնց վերաբերյալ մտքերի փոխանակում, պարզաբանումներ, հարցադրումներ պետք է հնչեն: Այդ հարցերի օրակարգը ձեզ հայտնի է՝ սկսած ԼՂ-ում կայունության և անվտանգության ապահովման գործից:
Փաշինյանը հիշեցրեց՝ այս մարտին ադրբեջանական զինված ուժերը ներխուժել էին ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի, պաշտոնական Երևանը չէր թաքցրել՝ խաղաղապահների արձագանքի բացակայությունը հասկանալի չէ հայկական կողմի համար: Սոչիի հանդիպման օրակարգում, ըստ նրա, պետք է լինեն նաև, այսպես կոչված, «միջանցքային տրամաբանությանը» վերաբերող քննարկումները: Վարչապետը նկատեց՝ ի հեճուկս եռակողմ աշխատանքային խմբի պայմանավորվածությունների` նման հայտարարություններ են հնչում, ու՝ ոչ միայն Բաքվից:
Նիկոլ Փաշինյան - Ռուսաստանում էլ ինչ-որ անհասկանալի մարդիկ կան, ովքեր փորձում են այդ նարատիվը զարգացնել` ի հեճուկս ՌԴ նախագահի հայտարարությունների, ստորագրած փաստաթղթերի և ի հեճուկս ՌԴ ԱԳ նախարարության կողմից արված հայտարարությունների, ի հեճուկս ՌԴ փոխվարչապետի արած հայտարարությունների, և շատ հարցեր կան, որոնց վերաբերյալ, կարծում եմ, շատ էական և ակտիվ քննարկում պետք է տեղի ունենա:
Վարչապետն անդրադարձավ 2021-ի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությանը, որի հիման վրա ստեղծվեց սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովը: Երևանն, ըստ Փաշինյանի, այն ժամանակ ճկունություն ցուցաբերեց, հարցը փակուղի չտարավ նաև ռուս գործընկերների վստահեցումներին ընդառաջ գնալով, թե հանձնաժողովի գործունեությունն ինքնին անվտանգության մեխանիզմ կլինի, չնայած համաձայն չէր այդ տեսակետին:
Նիկոլ Փաշինյան - Դելիմիտացիայի հանձնաժողովի ձևավորումից հետո տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ի ագրեսիան, և, անկեղծ ասած, ինձ համար անհասկանալի է, որ այն գործընկերները, որոնք այն ժամանակ ասում էին, որ դելիմիտացիայի հանձնաժողովի ձևավորումը նաև անվտանգության մեխանիզմ է, սեպտեմբերի 13-ի ագրեսիայի նկատմամբ միչև օրս հստակ քաղաքական դիրքորոշում չեն արտահայտել: Սրանք հարցեր են, որ, իհարկե, պատրաստվում եմ քննարկել, այդ թվում՝ ՌԴ նախագահի հետ երկկողմ հանդիպման ֆորմատում:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՊԿ-ԻՑ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՀՍՏԱԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
Վարչապետը հույս ունի, որ առաջիկայում՝ հնարավորինս արագ, տեղի կունենա նաև ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստը: Հայկական կողմի դիմումով խումբ գործուղվեց հայ-ադրբեջանական սահման, դիտարկեց, գնահատեց իրավիճակը ու արդյունքում զեկույց կազմեց, բայց այդ զեկույցը, ըստ երկրի ղեկավարի, պետք է քննարկվի արտահերթ նիստում:
«Հիմա մեր կողմից քայլեր են նախաձեռնվում»,- նշեց նա, շեշտեց՝ ՀԱՊԿ-ից հստակ ակնկալիքներ կան:
Նիկոլ Փաշինյան - Առաջինը, որ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական կտա տեղի ունեցածին, և երկրորդը՝ կընդունի ճանապարհային քարտեզ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ: Այս երկու ակնկալիքներն են, որ, կարծում եմ, ոչ միայն Հայաստանի կառավարության ակնկալիքն են, այլ նաև Հայաստանի հանրության, ժողովրդի ակնկալիքը: Կարծում եմ, որ այս երկու որոշումների կայացմամբ բազմաթիվ հարցեր, որոնք այս ընթացքում բարձրացվել էին հանրության կողմից, նաև Կառավարության կողմից, կստանան պատասխաններ:
ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆԸ
Կառավարությունը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրվի մինչև տարեվերջ՝ նշեց վարչապետը՝ արձագանքելով Լուսինե Բադալյանի հարցին: Պատգամավորը հետաքրրքվել էր՝ արդյոք հավանակա՞ն է նման կարճ ժամկետում պայմանագրի ստորագրումը:
Նիկոլ Փաշինյան - Անկեղծ պետք է ասեմ՝ ես ցանկանում եմ և կցանկանամ, որ այն կնքվի մինչև այս տարեվերջ: Ինչքանով է դա իրատեսական՝ ես այդ հարցին կպատասխանեմ հետևյալ կերպ՝ ես և Կառավարությունը բոլոր հնարավոր ջանքերը կգործադրենք, որ դա լինի իրատեսական: Մենք հույս ունենք, և դա կարևոր նրբություն է, որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը ավարտված կլինեն դելիմիտացիայի աշխատանքները: Ինչքանով է դա իրատեսական, եթե հաշվի առնենք, որ Պրահայում մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ դա տեղի է ունենալու 1991 թվականի սահմանների հիման վրա. դա կարող է լինել իրատեսական, քանի որ այդ սահմաններն ըստ էության հայտնի են:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ
Վարչապետը նաև կարևոր համարեց, որ միջազգայնորեն տեսանելի երկխոսություն սկսվի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև: Ասաց՝ պետք է լինեն արցախահայության իրավունքների և անվտանգության պաշտպանության որոշակի տեսանելի մեխանիզմներ: Պատգամավորի դիտարկմանն ի պատասխան էլ՝ քննադատություն կա, թե միմյանց տարածքային ամբողջականություն ճանաչելը նշանակում է հրաժարվել Արցախից, վարչապետն ասաց.
Նիկոլ Փաշինյան - Մի քանի անգամ ասել եմ, որ մենք հղում ենք անում 1992 թվականի փետրվարին Հայաստանի գերագույն խորհրդում վավերացված փաստաթղթի, այսինքն` մենք հղում ենք անում մի փաստաթղթի, որ ՀՀ օրենսդրության մաս է, ՀՀ օրենք է, և այդ փաստաթուղթն ընդունվել է այն ժամանակ, երբ այսօրվա մի շարք ընդդիմադիրներ եղել են ընդունող անդամ՝ պատգամավոր: Երկրորդը՝ Արցախի հետ կապված, ես ասել եմ մի քանի անգամ, որ ԼՂ հարցի կարգավորման Մադրիդյան սկզբունքները ճանաչելով` այդ ճանաչած իշխանությունը Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս: Ես ելույթ եմ ունեցել, բացատրել եմ, ու դրան արձագանք չի հնչել, ու էս երկրորդից հետո ես վերնագրեր տեսա, ճիշտն ասած չբացեցի, որովհետև ժամանակը վաղուց անցել էր:
Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայից տուժած համայնքներում էլեկտրականության ու գազի վերականգնման խնդիրն արագ լուծվել է՝ տեղեկացրեց տարածքային կառավարման նախարարը: Գնել Սանոսյանի խոսքով՝ այդ մարզերում այժմ վերսկսվել են նաև անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես դադարեցված ճանապարհաշինական աշխատանքները: