Վատիկանի Սանտա Մարիա Մաջորե պապական տաճարում Սուրբ Աթոռի պետական քարտուղար Պիետրո Պառոլինի նախագահությամբ մատուցվել է «Խաղաղություն Հայաստանին» Սուրբ պատարագ՝ նվիրված Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ Արարողությանը մասնակցել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը:
Պիետրո Պառոլին (Սուրբ Աթոռի պետական քարտուղար) - Մենք աղոթում ենք Հայաստանում խաղաղության համար, այնպես, ինչպես Ուկրաինայում և ամբողջ աշխարհում: Կոչ ենք անում նորոգելու մեր ուխտը՝ լինել խաղաղության գործիք: Հայերը մեծ արժեք ունեն: Հայաստանը միշտ առանձնացել է որպես քրիստոնեությունն ընդունած առաջին ժողովուրդ: Դարերի ընթացքում ու հատկապես դժվար ժամանակներում քրիստոնեական հավատքն ուղեկցել է այս մեծ ժողովրդին: Ուրախ եմ տեսնել, թե ինչպես է մեր քրիստոնեական հավատքի սերմը, որը ցանել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, ձեր պատմության ընթացքում դարձել պտղաբեր պարտեզ: Չենք կարող մոռանալ, որ ըստ Աստվածաշնչի, Հայաստանն այն երկիրն է, որտեղ ջրհեղեղից հետո ծնվել է առաջին քաղաքակրթությունը, և որտեղ, ըստ ավանդության, գտնվել է Եդեմի դրախտային պարտեզը։ Թող Տերը Հայաստանը դարձնի աստվածային իմաստության տուն, թող ձեր ազնիվ ազգը վայելի այն խաղաղությունը, որին ձգտում եք, և կարողանաք դրսևորել ձեր մարդկային, մշակութային և հոգևոր հատկանիշները։
ՄԻՐԶՈՅԱՆԸ ԿԱՐԵՎՈՐ Է ՀԱՄԱՐԵԼ ՄԻՋԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ, չնայած հակամարտություններին և հատկապես հարևան երկրի կողմից ուժի դատապարտելի կիրառման հետևանքով առաջացած բազմաթիվ մարտահրավերներին և աղետներին՝ Հայաստանը չի կորցրել մարդասիրության և համերաշխության բարձրագույն նպատակների հանդեպ հավատը: Հայաստանը մեծապես գնահատում է հայ-վատիկանյան հարաբերությունների ամրապնդմանը ուղղված Նորին Սրբության օրհնությունը, 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո, հայ ժողովրդի դեմ սանձազերծված վերջին ագրեսիային հաջորդած շրջանում Ֆրանցիսկոս Պապի խաղաղության կոչերը և համերաշխության ուղերձները։
Արարատ Միրզոյան (ՀՀ արտաքին գործերի նախարար) - Գրեթե երեք տասնամյակ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական կապերի պատմությունն առանձնանում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, որը մշտապես զարգանում է փոխադարձ ջանքերի շնորհիվ։ Այս ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ կարևոր միջոցառումներ, որոնք ի ցույց են դնում դարերից եկող գործակցության և ներկայիս միջպետական հարաբերությունների մակարդակը։
2015 թ․ ապրիլին Ֆրանցիսկոս Պապի մատուցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նշանավորող Սուրբ պատարագը, որին ականատես է եղել ամբողջ աշխարհը, 2016-ին Սրբազան քահանայապետի` Հայաստան պատմական այցի տպավորությունները հավերժ կմնան մեր հիշողություններում և սրտերում։ Հպարտ ենք, որ հայ ժողովրդի զավակ և միջնադարյան մտքի հանճար Սուրբ Գրիգոր Նարեկացին «Տիեզերական եկեղեցու վարդապետի» կոչում ստացած 36 մեծագույն մտածողներից մեկն է, ում Ֆրանցիսկոս Պապը նաև անվանել է խաղաղության վարդապետ: Այս արարողությունը քրիստոնեությունը 301 թ․ որպես պետական կրոն ընդունած երկրի՝ Հայաստանի հետ Սուրբ Աթոռի ամուր բարեկամության ևս մեկ վառ դրսևորում է։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայ Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների գործակցության դարավոր պատմությունն արժեքավոր խթան է միջպետական կապերի զարգացման համար։ Ըստ Միրզոյանի՝ Հայաստանը բարձր է գնահատում միջեկեղեցական շարունակական երկխոսությունը:
Արարատ Միրզոյան - Այս կարևոր տարին հիանալի հնարավորություն է ընձեռում նշելու մեր ձեռքբերումներն ու վկայակոչելու ընդհանուր արժեքները: Մեր նվիրական ցանկությունն է, որ Հայաստան-Սուրբ Աթոռ եղբայրական ուղին և համապարփակ երկխոսությունը՝ խարսխված փոխադարձ հարգանքի և վստահության ոգու վրա, շարունակի հարատևել և մեզ բոլորիս աջակցի՝ կառուցելու արդարության և խաղաղության աշխարհ։
ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Հայաստանի արտգործնախարարը Վատիկանում հանդիպել է նաև Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառայի և Սուրբ Աթոռի բարձրաստիճան այլ ներկայացուցիչների հետ: Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև միջպետական հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդի համար Էդգար Պենյա Պառան պարգևատրվել է Բարեկամության շքանշանով։ Հանդիպմանը Արարատ Միրզոյանը ներկայացրել է իրավիճակը Հարավային Կովկասում, հայկական կողմի դիրքորոշումները տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հասնելու վերաբերյալ: Անդրադառնալով հումանիտար խնդիրներին` նախարարն ընդգծել է Ադբրեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը: