Ազգային ժողովը կողմ քվեարկեց «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին:
Հունիսի 9-ին ստորագրված համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին հատկացնել 22,6 մլն եվրո գումար: Վարկի մարումը նախատեսված է 25 տարի ժամկետով. 14,5 տարին արտոնյալ է: Տոկոսադրույքը տարեկան 0,25 տոկոս է: Վարկի մարումը կսկսվի արտոնյալ ժամկետը լրանալուց հետո:
Լրացուցիչ ֆինանսավորման վերաբերյալ համաձայնագրով հանրապետությունում նախատեսվում է հիմնանորոգել և վերակառուցել 4 ավագ դպրոց, ինչպես նաև դրանք համալրել անհրաժեշտ գույքով: Այդ դպրոցներն են` Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցը, Արտաշատի և Աշտարակի ավագ դպրոցները, Երևանի թիվ 139 ավագ դպրոցը:
Համաձայնագրի շրջանակում 200 դպրոցում կստեղծվեն բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ: Կառավարությունը նախատեսում է, որ մինչև 2026 թ. հանրապետության բոլոր դպրոցները պետք է ապահովվեն նման լաբորատորիաներով:
Հանրապետության 80 բնակավայրում կստեղծվի առնվազն 80 նախակրթարան, դրանք կհամալրվեն անհրաժեշտ գույքով, կվերապատրաստվեն դաստիարակները: Նախակրթարանները հարմարեցվելու են ներառական կրթության պահանջներին: Նախապատվությունը տրվելու է սահմանամերձ, ինչպես նաև այն համայնքներին, որտեղ մեծ է Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների թիվը:
Համաձայնագրի շրջանակում նորարարական և զարգացման ծրագրեր իրականացնելու հնարավորություն կունենան նաև բուհերը: Այս նպատակի համար նախատեսված է 2,6 մլն եվրո գումար: Այս համատեքստում կիրականացվի 5 դրամաշնորհային ծրագիր: