Ուկրաինացի պաշտոնյաները խոստովանում են, որ քիչ բան կարող են անել պաշտպանելու երկրի էներգահամակարգը ռուսական հարվածներից, որոնք ուղղված են ռազմական նպատակների ապահովման հետ կապված ենթակառուցվածքները շարքից դուրս բերելուն, գրում է Washington Post թերթը:
Ավելի վաղ բրիտանական The Economist ամսագիրը, հղում անելով ոլորտի փորձագետներին, հայտնել էր, որ այդ ուղղությամբ ռուսական ջանքերը «կոմպետենտ են ու արդյունավետ», թիրախները ընտրված են մանրակրկիտ ու մեթոդական:
«Նրանք ունեն ճանապարհային քարտեզ զինվորականների համար, թե որտեղ պետք է կրակել»,- WP-ը մեջբերում է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոյի խոսքը։
Պարբերականը նաև մատնանշում է, որ ուկրաինական կողմի համար շատ դժվար է պաշտպանվել այդ հարձակումներից: ՀՕՊ համակարգերը հեշտ չէ օգտագործել, դրանց կիրառումը պահանջում է մանրակրկիտ պատրաստվածություն։
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ Լիտվայի զինված ուժերի հրամանատար Վալդեմարաս Ռուպշիսը կոչ է արել իշխանությանն Ուկրաինա չուղարկել Վիլնյուսին հասանելիք PzH 2000 հաուբիցներ և NASAMS հակաօդային պաշտպանության համակարգեր։ Նա նշել է, որ այդ զենքերի տեղափոխումը Կիև Լիտվային կզրկի «ռազմական ոլորտում վերջին ձեռքբերումներից»։
Միաժամանակ Ռուպշիսը հավելել է, որ Կիևը դրանք կարող է ձեռք բերել այն դեպքում, եթե Վիլնյուսը նոր զինատեսակներ գնի։