Իրանի հյուսիս-արևմուտքում անցկացված զորավարժությունները հստակ ուղերձ ունեն՝ կարծում են փորձագետները: Այդ են վկայում զորավարժության սցենարը և ցուցադրված սպառազինությունները: Թեհրանը ցանկանում է ցույց տալ, որ ունի բոլոր հնարավորությունները հակառակորդի հավանական գործողությունները կանխելու համար: Ուղերձների գլխավոր հասցեատերերն էլ Իսրայելն ու Թուրքիան են, որոնց հավակնություններն Իրանը ուղիղ սպառնալիք է համարում:
Գարիկ Միսակյան (իրանագետ) - Իրանի զորավարժությունները Ադրբեջանի սահմանին և հատկապես` բռնազավթած տարածքների սահմանին հստակ ուղերձներ ունեին, և հստակ տրվեցին դրանք:
Արմեն Պետրոսյան (տարածաշրջանի հարցերով փորձագետ) - Ուղղված էին Հայաստանին, Ադրբեջանին և այս հակամարտության գոտում այլ շահագրգիռ կողմերի:
Այս տարածքներում Իրանը զորավարժություն առաջին անգամ անցկացրեց 44-օրյա պատերազմի ընթացքում, սա արդեն երրորդ նման զորավարժությունն է, որն իր մասշտաբով գերազանցում է նախորդները: Զորախաղերից մինչև զինատեսակների ընտրություն՝ ոչինչ պատահական չէր ընտրված՝ փորձագետների դիտարկումն է:
Արմեն Պետրոսյան - Ե՛վ գետը անցնելու սցենար կար, և՛ հակառակորդի թիկունքը անցնելու, ԱԹՍ-ների կիրառման սցենար կար: Իրանը ցանկանում է ցույց տալ, որ ունի այնպիսի սպառազինություն, որը կարող է կանխել իր հնարավոր բոլոր հակառակորդների գործողությունները:
Գարիկ Միսակյան - Գրեթե բոլորը հարձակողական բնույթի են, բարձունքների գրավման, ԱԹՍ-ների կիրառման բնույթը, և Արաքս գետի վրա շարժական կամուրջները հստակ միտված էին հասկացնելու, որ օտար պետությունների ռազմական ներկայությանը նայում է Իրանը որպես սպառնալիք: Դա ուղիղ վերաբերում է իսրայելական ու թուրքական ներկայությանը հատկապես Արցախից բռնազավթված տարածքներում, որտեղից դա հակաիրանական բնույթ է կրելու:
Ի դեպ, Արաքս գետի վրա շարժական կամուրջ կառուցելու և ռազմավարական դիրքեր գրավելու տեխնիկան առաջին անգամ էր կիրառվում այս շրջանում անցկացվող վարժանքներում:
Դրանց մեկնարկի նախօրեին և հետո պաշտոնական Թեհրանը շարունակում էր պնդել՝ դրանք պլանային են և իրականացվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտունակությունը բարձրացնելու նպատակով։ Միևնույն ժամանակ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին նշում է.
Նասեր Քանանի (Իրանի ԱԳՆ խոսնակ) - Մեր հարևաններն ու նրանց հետ հարաբերությունների զարգացումը մեզ համար առաջնահերթություն են: Մեր ընդհանուր սահմանների անվտանգությունը մեզ համար ռազմավարական ընտրություն է: Բայց նրանք, ովքեր պետք է մեր ռազմական ուղերձը ստանան և այս վարժանքների հասցեատերն են, ուղերձը ստացել են և կստանան:
Ի դեպ, Ադրբեջանի հետ սահմանին զորավարժություններից հետո Իրանը զորավարժություն սկսեց նաև Թուրքիայի հետ սահմանին` պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ստորաբաժանումների՝ գիշերային գործողություններ վարելու հմտությունները զարգացնելու նպատակով:
Եթե Ադրբեջանի հետ սահմանի զորավարժությունները հստակ ուղերձ էին Բաքվին, ապա Իրաքի և Թուրքիայի սահմանին իրականացվող զորավարժությունը, ըստ փորձագետների՝ տարբեր խնդիրներ է լուծում:
Գարիկ Միսակյան - Նախ` ներքաղաքական խնդիրները և անջատողականության դեմ պայքարի խնդիրն է լուծում, նաև թուրքական կողմին է ներկայացնում, որ Իրանը պատրաստ է և փորձարկում է ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցներ:
Արմեն Պետրոսյան - Իրանական կողմը ուզում է ցույց տալ, որ իր շահերի պաշտպանության համար հաշվի է առնում, որ այսօր կան Ադրբեջան-Թուրքիա դաշնակցային հարաբերություններ, և Թեհրանն էլ պատրաստ է երկուսին դիմակայելու իր շահերը պաշտպանելու համար:
Փորձագետներն ընդգծում են նաև այս զորավարժությունների քարոզչական կարևորությունը, շեշտում՝ նախորդիվ երբեք իրանական կողմը այսչափ ծավալուն չէր լուսաբանել վարժանքները:
Գարիկ Միսակյան - Պետական հեռուստաընկերության կողմից եղան մի քանի ռեպորտաժներ, որոնք նաև վերնագրված էին «Իրանը անցել է Ադրբեջանի սահմանը» և այլն:
Արմեն Պետրոսյան - Ակնհայտ էր, որ կային հստակ ուղերձներ, այսինքն` զորավարժությունը քարոզչական նպատակ էր հետապնդում, ու կային նաև տեքստային ուղերձներ` բարձրաստիճան զինվորականների կողմից հնչող: Եվ, իհարկե, հրապարակային վերլուծություններ, քննարկումներ` ամբողջ ընթացքում:
Իրանական կողմի զորավարժությունները դարձել են նաև Բաքվի լրատվական ու փորձագիտական դաշտի ամենաքննարկվող թեմաներից: Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ՝ սկզբնական փուլում պաշտոնական Բաքուն ցուցադրական անտարբերության էր դրսևորում, սակայն Արաքսն անցնելու վարժանքները բուռն արձագանք ստացան ադրբեջանական քարոզչական լրատվականներում, որոնք կրկին լծվեցին հակաիրանական տրամադրություններ տարածելու գործին։
Գարիկ Միսակյան - Ադրբեջանական կողմում բավական անհանգստացած էին, եթե անդրադառնանք մի քանի հրապարակման միայն, նշվում էր` Իրանը ակնհայտորեն սպառնում է, նաև խոսում էին հնարավոր դաշնակիցների մասին, եթե Իրանը հարձակվի: Բայց ոչ ճիշտ դաշնակիցներ էին փորձում ներքաշել, Պակիստանը, օրինակ՝ երբեք չի գնա Իրանի հետ բախման: Նույն կերպ՝ Սաուդյան Արաբիան և Թուրքիան: Ի դեպ, զորավարժությունների անցկացման մասով մտահոգություններն Ադրբեջանում այնքան մեծ էին, որ նույնիսկ Ադրբեջանում Իրանի դեսպանատունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ վարժանքներից առաջ ադրբեջանական կողմին պաշտոնական նոտա է հանձնվել, Ադրբեջանի և Իրանի ռազմական ղեկավարներն էլ զորավարժությունների հետ կապված քննարկումներ են ունեցել։ Ադրբեջանում ոչ պաշտոնական շրջանակներն առաջարկում են անգամ Իրանի հետ սահմանին բետոնե պատ կառուցել:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան