Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության փաստաթուղթ բանակցային սեղանին դրված չէ, սակայն կան տարբեր առաջարկներ ու կարծիքներ՝ նշեց Ազգային ժողովի խոսնակը: Ինչ վերաբերում է մինչև տարեվերջ երկու երկրի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, Ալեն Սիմոնյանը շեշտեց՝ վերջնաժամկետի վերաբերյալ համաձայնություն չկա:
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Նույն մեր գործընկերների շրջանակում, նույն ՀԱՊԿ-ի շրջանակում և տարբեր շրջանակներում տարբեր պատկերացումներ կան, բայց կա Հայաստանի Հանրապետության պատկերացումը, և Հայաստանի Հանրապետության պատկերացման մասին բազմիցս վարչապետը խոսել է:
Հայաստանի միջազգայնորեն ճանաչված՝ 29800 քառակուսի կմ տարածքը պաշտպանելու և հարգելու հարցում պետությունն ակնկալում է միջազգային գործընկերների, մասնավորապես, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ստանձնած պարտավորությունների կատարումը: Հայաստանի դժգոհությունների արտահայտումը Սիմոնյանը քաղաքական կուրսի փոփոխություն չի համարում: Ըստ նրա՝ իշխանությունը նման հարց չի քննարկում:
Ալեն Սիմոնյան - Մեզ մեղադրել, որ մենք փորձում ենք Հայաստանն անվտանգ պահել, այն պարագայում, երբ այնքան էլ բավարարված չենք, արդար և ազնիվ չեմ համարում:
«Ոչ թե Հայաստանն է ՀԱՊԿ-ից դուրս գալիս, այլ ՀԱՊԿ-ն է դուրս եկել Հայաստանից, բայց եթե դուրս է եկել, մեզ պետք է դրա մասին տեղյակ պահել: Հայաստանի Հանրապետությունը սպասում է ՀԱՊԿ-ի արձագանքին, և արձագանքն առնվազն այս փուլում պետք է լինի քաղաքական»:
Ալեն Սիմոնյանն անդրադարձավ ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ անցանկալի համարելուն: Նաև Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությանը, թե իր մուտքը Հայաստան ևս ցանկալի չէ։
Ալեն Սիմոնյան - Հայկական ազգանունով գործակալներ և տարբեր մարդիկ, որոնք ՀՀ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, բնական է, ՀՀ-ն չի կարող անտարբեր լինել, կարմիր գիծ է:
Սիմոնյանը հորդորեց ընդդիմադիր պատգամավորներին՝ նման գործիչներին պաշտպանելիս զգույշ լինել: Անդրադարձավ նաև երկար դադարից հետո ընդդիմադիրների՝ խորհրդարան վերադառնալու փաստին:
Ալեն Սիմոնյան - Ես ասում էի, չէ՞, որ վերադառնալու են, մնային դուրսը ի՛նչ անեին: Կամ որ վերադարձան և տիեզերքի համաձայնագրին դեմ քվեարկեցին, մի քիչ անհասկանալի է:
ԱԺ երեկվա նիստին ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորները միացան հայտարարությունների ժամից, իսկ այսօր նիստին մասնակցել է «Պատիվ ունեմ» խմբակցության 4 պատգամավոր. նրանք բոլոր նախագծերին դեմ են քվեարկել:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան