Եվրոպական երկրները մտավախություն ունեն, որ միասնական ճակատը, որով Արևմուտքը Ռուսաստանի դեմ է հանդես գալիս Ուկրաինայի իրադրության պատճառով, կարող է փլուզվել ԱՄՆ միջանկյալ ընտրություններում հանրապետականների հաղթանակի դեպքում` գրում է Washington Post-ը։
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական փոքրամասնության առաջնորդ Քևին Մաքքարթին նախազգուշացրել էր, որ եթե հանրապետականները հաղթեն միջանկյալ ընտրություններում, նրանք կդադարեն անսահմանափակ օգնություն տրամադրել Ուկրաինային։
Պարբերականը նշում է, որ Ուկրաինայում մարտական գործողություններ սկսվելուց ի վեր արևմտյան դաշնակիցները վերջապես կարողացել են հասնել «անդրատլանտյան կոնսենսուսի հազվագյուտ մակարդակի»՝ Ուկրաինային աջակցելու անհրաժեշտության հարցում: Սակայն Մաքքարթիի հայտարարություններից հետո ինչպես Կիևում, այնպես էլ Արևմտյան Եվրոպայում պաշտոնյաները սկսել են մտածել, թե արդյոք Ուկրաինան կարո՞ղ է շարունակել հույս դնել ԱՄՆ-ի վրա, գրում է Washington Post-ը։
Բրիտանական խորհրդարանի պաշտպանության կոմիտեի ղեկավար Թոբիաս Էլվուդի կարծիքով էլ՝ եթե ԱՄՆ-ը նահանջի, Ռուսաստանը կկարողանա «հաղթանակ կորզել»: