Հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղեկցությամբ դիտարկել է Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ և Զոլաքար գյուղերում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը։ Այդ մասին մարզպետը գրել է Ֆեյսբուքում:
«Արծվանիստում դիտարկեցի 16-րդ փողոցի ասֆալտապատման, Ծովինարում՝ մանկապարտեզի խաղահրապարակի և սեպտիկ հորի, լուսավորության ցանցի, ոռոգման համակարգերի կառուցման, մշակույթի տան հիմնանորոգման, ներհամայնքային փողոցների ասֆալտապատման, Վարդենիկում՝ մի շարք փողոցների գազիֆիկացման, 11-րդ փողոցի ասֆալտապատման, մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգման, ներհամայնքային փողոցների սալարկման, Զոլաքարում՝ խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման և մանկապարտեզի նորակառույց շենքի ավարտական փուլի աշխատանքները։
Այցի ընթացքում զրուցեցի շինարարների, գյուղերի վարչական ղեկավարների և բնակիչների հետ, ծանոթացա շինարարության ժամանակ ի հայտ եկած խնդիրներին, նկատված թերությունների շուրջ եղան դիտողություններ և առաջարկություններ, ու հանձնարարեցի սեղմ ժամկետներում շտկել բոլոր թերությունները»,- նշել է մարզպետն ու ավելացրել, որ Ծովինար և Զոլաքար գյուղերի մանկապարտեզների համար ձեռք բերված գույքը առաջարկել է վերադարձնել և փոխարենը ձեռք բերել որակապես ավելի լավը։
Ըստ Կարեն Սարգսյանի՝ աշխատանքներն ընթանում են բավականին հուսադրող տեմպերով, սահմանված ժամկետների մեջ, դիտարկման արդյունքները գոհացուցիչ են, և կան բավարար նախադրյալներ, որ բոլոր դիտարկված ծրագրերն ավարտին կհասցվեն մինչև տարեվերջ։
«Մենք նախորդ տարվա համեմատ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում գրեթե կրկնապատկել ենք շինարարական աշխատանքների ծավալները և այս պահի դրությամբ ունենք 230 շինհրապարակ, որտեղ ընթանում են ոռոգման և խմելու ջրատարների, լուսավորության ցանցի, մանկապարտեզների, մշակույթի տների, գազատարների կառուցման, ներհամայնքային փողոցների ասֆալտապատման աշխատանքներ։ Շինարարական եռուզեռը նկատելի է Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերում, մարզի մյուս համայնքներում»,- գրել է մարզպետը:
Այս պահին աշխատանքներ են տարվում 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերը կազմելու և ՀՀ Կառավարության հաստատմանը ներկայացնելու ուղղությամբ: Մարզպետի խոսքով՝ արվում է հնարավորը, որ եկող տարում բազմապատկվեն շինարարության ծավալները՝ կարգավորվեն բնակչության առջև տասնամյակներով ծառացած հիմնախնիրները:
«Հետևողական լինելով կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացման սկզբունքին՝ աշխատանքների ընթացքը գտնվում է անձամբ իմ ուշադրության ներքո։ Այցերը շինհրապարակներ կլինեն շարունակական»,- գրառման վերջում նշել է Կարեն Սարգսյանը: