ՀԴՄ չտպող խանութ լինի թե գործարքները թաքցնող այլ բիզնես, լավ կլինի իմանա․ օրենքի լրացմամբ՝ հոկտեմբերի 1-ից ՊԵԿ-ն իրավունք է ստացել բացահայտած խախտման գումարը, հարկը վճարման ներկայացնել, նույնիսկ եթե տնտեսվարողը դիտավորյալ անպատասխան է թողնում կամերալ ուսումնասիրությունից հետո թվերն ինքնուրույն ուղղելու հարկայինի առաջարկ-ծանուցումը։ Հարցը լուծելու համար հիմա կամերալին չարձագանքողների մոտ մեկ այլ՝ թեմատիկ կոչվող ուսումնասիրություն կիրականացվի։
Կարինե Մնացականյան (ՀՀ ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ) - Հարկային մարմինը, հաստատապես հայտնի գործարքների մասով և դրա վերաբերյալ կազմված կամերալ արձանագրության հիմքով, կարող է հարկ վճարողի մոտ ուսումնասիրություն իրականացնել, որը նոր հսկողության տեսակ է, և դրա արդյունքում կարող է առաջադրել համապատասխան հարկային պարտավորությունները:
ՊԵԿ պաշտոնյան օրինակ է բերում․ նորույթ թեմատիկ ուսումնասիրությունը կարվի այն հարկ վճարողների մոտ, որոնք, բազայում երևում է՝ հաշվարկային փաստաթուղթ են դուրս գրել կամ ունեցել են հարկվող գործարք, ասենք՝ գույք են օտարել, բայց հաշվետվությունում թերի կամ առհասարակ չեն հայտարարագրել այն։ Ի դեպ, վերահսկողական նոր լծակը հարկայինը կարող է կիրառել տարվա մեջ միայն մեկ անգամ, հիմնականում առանց բիզնեսի գրասենյակ այցելելու՝ հեռակա կարգով ուսումնասիրելով եղած փաստաթղթերը։ Արդյունքի մասին տնտեսվարողին տեղեկացնելու են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ համակարգի անձնական գրասենյակում։ Սա նույնպես հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություն է: «Ինտերնետ փոստը ստուգեք, որ չասեք՝ չէինք տեսել, տուգանեցին»՝ ընկերությունների հաշվապահներին, տնօրեններին զգուշացնում է Կարինե Մնացականյանը։
Կարինե Մնացականյան - Թեմատիկ ուսումնասիրությունների արդյունքները հարկ վճարողներին ծանուցվելու են իրենց էլեկտրոնային էջերին և էլեկտրոնային էջերին տեղադրվելուց հետո համարվելու են պատշաճ հանձնված:
Որ բիզնեսը չտրտնջա, թե հարկահավաքներն իրենց միայն տանջում են՝ Պետեկամուտների կոմիտեից հիշեցնում են․ ապրանքի հետագծելիության էլեկտրոնային համակարգի ներդրման շնորհիվ նվազել է սահմանահատման միջին ժամանակը, բարեփոխվել են ԵԱՏՄ և երրորդ երկրներից եկող բեռնատարների ռենտգեն հսկողության պրոֆիլները, ինչի արդյունքում զննումների տոկոսը կրճատվել է։
Ներմուծող-արտահանողներից այլևս չի պահանջվում մինչև հայտարարագիր գրանցելը փաստաթղթերը մաքսատուն ներկայացնել, դա ևս ժամանակ է խնայում։ Փորձարկվող նախնական հայտարարագրմամբ՝ մաքսավորները որոշ բեռներ սկսել են բաց թողնել հենց սահմանից: Արդեն իսկ դեպքեր կան՝ ապրանքը Հայաստան մտնելուց 8 րոպե անց բոլոր գործընթացներն ավարտած, ճանապարհվել է բիզնեսի պահեստ։