Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի նախաձեռնությամբ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել հիմնարկում արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների դիտարկման և բարձրաձայնված հարցերի համատեղ քննարկմանը նվիրված հանդիպում՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Փոխնախարար Արփինե Սարգսյանի և Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի ուղեկցությամբ ՄԻՊ գրասենյակի և դիտորդների խմբի ներկայացուցիչները տեղում դիտարկել են իրենց կողմից արձանագրված խնդիրների լուծման ընթացքը, հետևել այնտեղ ընթացող՝ ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավմանն ուղղված կապիտալ վերանորոգման աշխատանքներին:
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը ներկայացրել է բժշկական օգնության և սպասարկման ոլորտում առկա իրավիճակը, կատարված փոփոխությունները:
Առանձնակի կարևորվել է այն, որ հիմնարկի բարելավմանը միտված շինարարական լուծումները պետք է բոլոր մասնաշենքերում հարմարեցված լինեն նաև հաշմանդամություն, այդ թվում՝ հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար: Ըստ այդմ՝ տրվել է հստակ հանձնարարական դրանց հաշվառմամբ ձևավորվել առաջիկա շինաշխատանքների պլանը: Ընդգծվել է, բժշկական մասում բժշկական անձնակազմի համար անհրաժեշտ պայմանների ապահովման կարևորությունը:
Շրջայցից հետ հիմնարկում կայացել է համատեղ քննարկում, որի շրջանակներում դիտարկվել են ազատությունից զրկված անձանց սննդի ապահովմանը, լոգանքին, լվացքի կազմակերպմանը, անկողնային պարագաների լրացուցիչ տրամադրմանը, բժշկական օգնությանը և սպասարկմանն առնչվող մի շարք հարցեր:
Քննարկման մասնակիցներին ներկայացվել են արդեն իսկ բարձրացված հարցերի ուղղությամբ ձեռնարկված քայլերը:
Փոխնախարար Սարգսյանն արձանագրել է, որ շինարարական երկրորդ փուլով այն աշխատանքները, որոնք առաջին փուլում չեն ընդգրկվել, կհասցվեն իրենց տրամաբանական ավարտին՝ այդպիսով ապահովելով ամբողջ հիմնարկի բարեկարգումը թե՛ ազատազրկվածների, թե՛ աշխատակիցների տեսանկյունից:
ՄԻՊ գրասենյակի և դիտորդների խմբի ներկայացուցիչները ողջունել են հանդիպման ձևաչափը և պատրաստակամություն հայտնել աջակցելու առկա հարցերի լուծմանը:
ՄԻՊ գրասենյակի և Դիտորդների խմբի ներկայացուցիչները փաստել են, որ հիմնարկում գրանցվել են շոշափելի և դրական փոփոխություններ, նշել են, որ դեռևս լուծման ընթացքում գտնվող հարցերը պետք է ուշադրության կենտրոնում պահել և ապահովել դրանց հասցեագրումը: Ներկայացուցիչները նշել են, որ փոփոխությունները պետք է ինստիտուցիոնալացված բնույթ ունենան:
Հանդիպման ավարտին քրեկատարողական հիմնարկին տրվել են համապատասխան հանձնարարականներ: Դրանց կատարման ընթացքին համատեղ հետևելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: